News

Ներկայացվել են ՀՀ լավագույն դպրոցները

Educational 2015-01-15

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ տեղի է ունեցել ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դպրոցի տնօրեններ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով վարկանիշավորման համակարգի հիմնական սկզբունքները, հիշեցրել է, որ նախորդ տարի նախարարությունը նախաձեռնել էր փորձնական ծրագիր` մշակել ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը, թե ինչպիսի որակ են ապահովում ՀՀ դպրոցները` ելնելով միջազգային չափանիշներից, որոնք ընկած են ազգային վարկանիշավորման համակարգի հիմքում:

 
Ներկայացնելով արդյունքները` նախարարը նշել է, որ դրանք առավելագույնս արժանահավատ են: «Իհարկե, հետագայում հաշվարկման համակարգում և մեթոդաբանության մեջ կարող են լինել փոփոխություններ, բայց որ կատարվել է  անաչառ աշխատանք, դա աներկբա է: 
 
Ծանոթանալով արդյունքներին` պետք է փաստել, որ ակնհայտ են առաջատար դպրոցները, բայց համակարգի բնականոն գործունեության համար ոչ պակաս կարևոր են ցուցակի հետնապահները, որոնք համակ ուշադրության, լրացուցիչ հոգածության և, ինչու չէ, կադրային փոփոխության կարիք ունեն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ խմբերը բաժանվել են այնպիսի մեթոդաբանությամբ, որպեսզի միևնույն խմբում լինեն համեմատելի դպրոցներ` օբյեկտիվ պատկեր ստանալու համար: 
 
«Սա վերջին մոտեցումն է միջազգային վարկանիշավորման գործընթացում, երբ տրվում է բազմավարկանիշային համակարգ, որը թույլ է տալիս համեմատել համեմատելիները: Ուրախալի փաստ է, որ խմբերի առաջատար տասնյակում մարզային և մայրաքաղաքի դպրոցները հավասար տեղեր են զբաղեցնում` փաստելով դրանց հավասարաչափ կրթական հնարավորությունները և համադրելիությունը: 
 
Հերքվում է այն տարածված կարծրատիպը, որ միայն մայրաքաղաքում է հնարավոր ստանալ լավ կրթություն»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ կա նաև միջմարզային մրցակցություն: Նախարարը խոստացել է, որ առաջիկայում լավագույն դպրոցները կունենան ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական խրախուսանք, իսկ գալիք տարի կշնորհվեն համապատասխան վկայականներ:
 
Ըստ Արմեն Աշոտյանի` ավագ դպրոցների խմբում առաջատար տասնյակում են նաև բուհերին կից դպրոցները, ինչը փաստում է, որ  քաղաքականությունը` տալ բուհերին հնարավորություն` զարգացնել նախամասնագիտական կրթությունն ինքնուրույնաբար, տալիս է իր արդյունքը: 
 
«Ամփոփելով վարկանիշավորման համակարգի արդյունքները` կարող ենք նշել, որ դպրոցներն ավելի կազմակերպված են դարձել, առավել ուշադրություն են դարձնում իրենց աշխատանքի գնահատման ներքին և արտաքին ցուցանիշներին համապատասխանելու մեթոդաբանությանը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ վարկանիշավորման իմաստներից մեկն էլ քննարկումների ծավալումն է: 
 
Հանրակրթական ուսումնական հաստատությունները վարկանիշավորվել են ցուցանիշների 5 խմբով, որի արդյունքում ձևավորվել է յուրաքանչյուր դպրոցի ընդհանուր վարկանիշը: Ցուցանիշների խմբերը հետևյալն են` 1. սովորողներ, ուսումնառություն, 2. ուսուցիչներ, 3. դպրոցի ակտիվություն, 4. ներդպրոցական ակտիվություն, 5. կառավարման արդյունավետություն: 
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.