News

Հրաժարվե՞լ էլեկտրոնային գրքերից

Featured 2015-01-14

Ընթերցանությունն օգտակար է ոչ միայն ընդհանուր զարգացվածության, ինտելեկտի ընդլայնման, այլև ֆիզիկական առողջության համար, մասնավորապես՝ ընթերցանությունը նվազեցնում է ծերության ընթացքում տկարամտության առաջացման հավանականությունը:
Պարզվում է, սակայն, որ էլեկտրոնային գրքեր կարդալն այնքան էլ օգտակար չէ, որքան սովորական, տպագիր տարբերակները: Մասնագետները ներկայացնում են երեք կարևոր պատճառ՝ հրաժարվելու էլեկտրոնային գրքերից:
 
Դուք բաց եք թողնում կարևոր տեղեկատվությունը
 
Ստավանգերի համալսարանի (Նորվեգիա) 2014 թ. իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրոնային գրքեր կարդացող մարդիկ շատ հաճախ են բաց թողել կարևոր մանրամասները և հազվադեպ են կարողացել ճիշտ վերարտադրել բոլորովին վերջերս ընթերցած գրքի բովանդակությունը: Իսկ թե ինչու է այդպես լինում, դեռ ոչ ոք չի կարող բացատրել: Սակայն փաստը մնում է փաստ՝ տպագիր գրքերի տեղեկատվությունը մարդիկ շատ ավելի հեշտ են հիշում:
 
Էլեկտրոնային գրքերը խանգարում են քնելուն
 
Հարվարդի համալսարանի վերջերս իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ քնելուց առաջ էլեկտրոնային գրքերի ընթերցումը զգալիորեն նվազեցնում է քնի որակը, քանի որ օրգանիզմն ավելի քիչ է լավ քնի համար անհրաժեշտ մելատոնին հորմոնն արտադրում:
 
Ամենայն հավանականությամբ, էլեկտրոնային գրքերի համար «ռիդերները» լուսավորվածություն ունեն, որը գիշերը խանգարում է հորմոնի սինթեզին: Հետազոտության հեղինակ Չարլզ Չեյսլերը մարդկանց հիշեցնում է, որ քնի պակասը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ նույնիսկ քաղցկեղի զարգացման հավանականությունը:
 
Ի դեպ, տպագիր գրքերի ընթերցանությունը նաև հակառակ ազդեցությունն ունի՝ այն նպաստում է առողջ, խորը քնին:
 
Էկրանները սթրեսի պատճառ են
 
Տպագիր գրքերի ընթերցումն օգնում է հաղթահարել սթրեսը ճիշտ այնպես, ինչպես զբոսանքը կամ լավ երաժշտությունը: Մասնագետները պնդում են, որ 6 րոպե տևողությամբ ընթերցանությունը բավական է, որպեսզի մարդու մկանները թուլանան, իսկ սրտի ռիթմն էլ կարգավորվի:
 
Սակայն էլեկտրոնային գրքերն այս հատկությամբ օժտված չեն, նույնիսկ հակառակը՝ դրանք կարող են օրգանիզմի համար սթրեսի պատճառ լինել: Շատ մասնագետներ պնդում են, որ քնից առաջ ցանկացած տեխնիկայի՝ հեռախոսների, պլանշետների, էլեկտրոնային գրքերի և այլնի օգտագործումը կարող է դեպրեսիվ վիճակ, ավելորդ սթրես և հոգնածության զգացում պատճառել, որոնք ժամանակակից մարդուն այդքան էլ հարկավոր չեն:
 
Աղբյուրը՝ med.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.