News

Ընթերցանությունն ակտիվ գործընթաց է

Educational 2015-01-12

Վերջերս ամփոփվեց Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում Համո Սահյանի 100-ամյակին նվիրված «Ինձ բացակա չդնե՛ք» խորագրով միջոցառումների շարքը: Աշակերտներն առանձնակի սիրով և պատրաստակամությամբ էին մասնակցում Համո Սահյանին նվիրված միջոցառումներին, որոնք կազմակերպել էր գրադարանավարուհի Նաիրի Պողոսյանը հայոց լեզվի և գրականության մեթոդ միավորման հետ համատեղ:

Ուշադրության կենտրոնում էր հատկապես Սահյանի ստեղծագործությունների գեղագիտական արժեքը: Աշակերտները, ծանոթանալով նրա ստեղծագործություններին, համոզվեցին, որ Սահյանն այն բացառիկներից է, ով ստեղծեց իր Հայաստանը՝ տարբեր գույներով և բույրերով, կյանքի պարզ ու բնական դասերով, իր ցավով, որոտով ու կայծակով, իր վեհությամբ ու խորությամբ:

Գրադարանավարուհի Նաիրի Պողոսյանի կազմակերպած միջոցառումների շնորհիվ աշակերտների մեջ ձևավորվում է սեր ընթերցանության նկատմամբ, որը նպաստում է գրագետ ընթերցողի, կարդալու պահանջմունք ունեցող քաղաքացիների դաստիարակմանը: Միջոցառումների շարքը երեխաների մեջ անհրաժեշտ հույզեր ու ապրումներ արթնացրեց:
 
Նրանք հոգեպես վերապրեցին այն ամենը, ինչ նկարագրել է Սահյանն իր ստեղծագործություններում: «Իմ կարծիքով նման միջոցառումների կազմակերպումը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի աշակերտների մեջ արթնանա ընթերցանության հանդեպ սեր, նրանք գնահատեն իրենց ընթերցածը և ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ»,-նշեց Նաիրի Պողոսյանը:
 
«Աշակերտներին ընթերցասեր դարձնելու համար անհրաժեշտ է լուրջ ակնկալիքներ ունենալ յուրաքանչյուրից: Աշխատում ենք հրապուրիչ դարձնել և հույզերով հագեցնել նրանց դպրոցական առօրյան»,-շեշտեց հայոց լեզվի և գրականության մեթոդ միավորման նախագահ Ջուլիետա Հակոբյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.