News

Երբ փնտում ենք որևէ մեկին անկեղծանալու համար

Educational 2014-12-29

Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում պարբերաբար անդրադառնում են «Կոնֆլիկտների խաղաղ կառավարման կրթությունը դպրոցում» ծրագրային թեմաներին: Այդ փորձերը դրական ազդեցություն են ունենում երեխաների դաստիարակության վրա: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է դաստիարակել իր իրավունքները պաշտպանող և ուրիշի իրավունքները հարգող, կոնֆլիկտները խաղաղ եղանակով լուծելու ունակ և հանդուրժող վաղվա քաղաքացի:

Հերթական դասղեկական դասը 7-րդ դասարանում էր /դասղեկ` Ա.Ալեքսանյան/: Թեման հետևյալն էր` «Հայրեր և որդիներ»: Ուսուցչուհու նպատակն էր՝

Ա. Ձևավորել հարգանք ծնողների նկատմամբ, 
Բ. Պարզել այն պատճառները, որոնք կոնֆլիկտներ են առաջացնում ծնողների և երեխաների միջև: 
Գ. Զարգացնել փոխըմբռնման և փոխհամաձայնության մշակույթ:
 
Նա իր ներածական խոսքում նշեց, որ կոնֆլիկտը ծնողների և երեխաների միջև եղել է բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մեջ: Նրանք ունենում են տարբեր կարծիքներ, հայացքներ, դիրքորոշումներ և արժեքային համակարգեր, ինչից էլ սկսվում է կոնֆլիկտը: Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է դուրս գալ այդ վիճակից հնարավորինս փոքր կորուստներով:
 
Երեխաները հանձնարարված հարցաթերթիկների, կոնֆլիկտային իրավիճակների բեմադրմամբ, բլից-հարցումների միջոցով կարողացան տալ կոնֆլիկտի, դրա պատճառների և դրանցից խաղաղ ճանապարհով դուրս գալու միջոցների սահմանումները: Ցանկալի է նրանց գիտակցումը և համոզմունքը, որ փոխհամաձայնությունը, զիջումը ամենաճիշտ եղանակն է կոնֆլիկտից դուրս գալու համար:
 
Այնուհետև երեխաները համագործակցային եղանակով բաժանվեցին «Ծնողներ» և «Երեխաներ» խմբերի, մշակեցին որոշակի կանոններ`ելնելով իրենց տեսանկյունից, որոնք օգտակար են ու կիրառական: Ուսուցչուհին լրացրեց այն կարևոր միտքը, որ ծնողներին չեն ընտրում, այդ պատճառով երեխաները պարտավոր են հարգել նրանց և միարժամանակ լինել հարգված: 
 
Որքան էլ ծնողները խիստ լինեն, պահանջկոտ կամ ինչ-որ տեղ կոպիտ, միևնույն է, նրանք սիրում են իրենց երեխաներին: Եվ քանի որ մինչև չափահաս դառնալը պետք է ապրեն ծնողների հետ, շատ ավելի լավ կլինի փորձել հասկանալ միմյանց, անել այնպես, որ բոլոր տարաձայնություններն ու կոնֆլիկտները լուծում ստանան փոխադարձ համաձայնության տարբերակով:
 
Դասի ավարտին երեխաները խոստովանեցին` որոշ հարցերում իրենք համոզվեցին, որ կոնֆլիկտների հիմնական պատճառներն իրենց ծնողներին չհասկանալն է, նրանց դրության մեջ չմտնելը, նրանց սերն ու նվիրվածությունը չգնահատելը: Նրանք փոխվեցին հենց այս պահին:      
 
Դասի ավարտին մասնակիցները դիտեցին սոցիալական մի հոլովակ, որը ևս մեկ անգամ հաստատեց, թե որքան են ծնողները սիրում իրենց երեխաներին, ինչպիսին էլ նրանք լինեն: Սիրելի´ երեխաներ, ծնողների հետ անկեղծ ու անմիջական խոստովանության համար հարմար ու նպաստավոր հատուկ ժամանակ պետք չէ փնտրել, դա կարող է լինել հենց այսօրը…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.