News

Հանգիստը՝ ըստ մասնագիտությունների

Featured 2013-04-04

Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ պետք է մի փոքր տարբեր ձև կազմակերպեն իրենց հանգիստը և եթե ներում են հնարավորությունները, ավելի անհատապես մոտենան մեկնելու վայրի ընտրության հարցին, հայտնում է TRAVELBLOG.am-ը: Իսկ եթե ընտրությունը, այնուամենայնիվ, կրկին ընկել է ամենածեծված ուղղությունների վրա, ապա կազմակերպել հանգիստը յուրովի. այդ նույն Դուբայում կամ Սեյշելյան կղզիներում կարելի է կազմակերպել մարզական, ակտիվ, միանձնյա կամ ժամանցային հանգիստ:

 

Իսկ ում ինչ է անհրաժեշտ…Հայացք գիտնականների վերլուծություններից
 
Մտավոր աշխատանքով զբաղված և մտավոր ունակությունների առօրյա գործածումը պահանջող մասնագիտությունների տեր մարդկանց համար օգտակար է «օդափոխել» ուղեղը: Նման մասնագիտությունների տեր մարդկանց համար` հաշվապահների, խմբագիրների, ծրագրավորողների, գիտաշխատողների, լեզվաբանների, ուսուցիչների, ֆիզիկոսների, քաղաքական գործիչների (համաշխարհային մասշտաբով քաղաքական գործիչները դասվում են մտավոր աշխատանքով զբաղվողների թվին) և այլն, նախընտրելի է ծովափնյա հանգիստը:
 
Այդ նույն Դուբայում, իսպանական լողափներում, վրացական «գողտրիկ» և հայառատ լողափներում հանգիստ անցկացնելիս առավել շատ ժամանակ հատկացնել զբոսանքին մաքուր օդին, ֆիզիկական ակտիվությանը` օրինակ, ընտրել այնպիսի հյուրանոց, որտեղ կա թենիսի դաշտ, վազքուղի, լողավազան և պարտադիր պայման է` մարզասրահ: Սակայն որպեսզի վերադարձն աշխատանքային պայմաններին առավել հարթ անցնի, խորհուրդ է տրվում պարբերաբար լուծել խաչբառեր, գլուխկոտրուկներ և հավաքել փազլներ` ուղեղի աշխատանքը հանգստի ընթացքում տոնուսի մեջ պահելու համար:
 
Միանման և միապաղաղ աշխատանքի բնույթ ունեցողներին, ինչպես օրինակ՝ դերձակներին, գործարանների աշխատողներին, տպագրիչներին, հեռուստաընկերություններում հաղորդաշարի մոնտաժային բաժնի աշխատողներին և այլն, խորհուրդ է տրվում մեկնել եվրոպական երկրներ, հանգիստն անցկացնել ոչ թե միապաղաղ ծովափնյա հանգստավայրում, այլ որևէ աշխույժ քաղաքում: Հանգստի ժամանակ 180 աստիճան փոխել առօրեական պատկերը և ավելի տարաբնույթ դարձնել առօրյան: Ի դեպ, նման մասնագիտություն ունեցողներին խորհուրդ է տրվում ակտիվորեն մասնակցել արշավներին, էքսկուրսիաներին: Հանգստի ժամանակ այցելել թանգարաններ, ցուցահանդեսներ, թատրոններ. վայելել մշակութային հանգիստ:
 
Իրենից մեծ պատասխանատվություն պահանջող մասնագիտության տեր մարդկանց՝ բժիշկներին, ավիահամակարգողներին, օդաչուներին, թոփ-մենեջերներին, դատավորներին, օպերատորներին, միանշանակ խորհուրդ է տրվում ակտիվ մարզական հանգիստ ունենալ: Նման ակտիվ հանգստի տարբերակներում առանձնացվում են ձմռան ամիսներին լեռնադահուկային հանգստավայրերը Շվեյցարիայում, Ավստրիայում, Սոչիում, Վանկուվերում: Նույն ծովափնյա գոտիները որպես հանգստավայր ընտրելու դեպքում ակտիվ մասնկացել ջրային մարզաձևերին:
 
Մշտապես բազում մարդկանց հետ շփման մեջ գտնվող և նմանօրինակ մասնագիտությունների տեր մարդկանց, ի դեմս՝ ուղեկցորդուհիների, քարտուղարների, մատուցողների, վաճառողների, գանձապահների, հեռախոսավարուհիների և այլն, հանգստի ժամանակ մինիմումի հասցնել մարդկային շփումը: Ոչ թե մեկուսանալ, այլ աշխատել մի փոքր զերծ մնալ առօրեական իրավիճակներից և շփումներից: Այս մասնագիտությունների տեր մարդկանց խորհուրդ է տրվում ընտրել ոչ մարդաշատ լողափներ, քաղաքներ: Իսկ հիմնականում խորհուրդ է տրվում հանգիստն անցկացնել բնության գրկում, կանաչախիտ տարածքներում պատսպարված հանգստյան տներում: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.