News

Պարույր Սևակ

Educational 2014-12-29

Պարույր Սևակի անունը լսելն իսկ բավական է ամենատարբեր զգացողություններ ունենալու համար: Իր ապրած 47 գարուններով նա մտավ հավերժող մեծերի շարքերը: Իր խոհական ու սիրո բանաստեղծություններով նա քննել է մարդկային սրտի ամենաանմեկնելի ապրումները, ուսումնասիրություններով բացահայտել է գրականության ու արվեստի շատ մեծերի գործունեությունը: Իր սրտի անմար սիրով, սիրելու իր յուրօրինակ կարողությամբ նա ստիպում է հավատալ սիրո, մաքրության արդարության ու գեղեցկության ուժին:

Մեծն Սևակի ծննդյան 90-ամյակը նշվեց Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Միջոցառումը համադպրոցական էր: Սկզբում աշակերտները Սևակի մեծադիր նկարի առջև դրեցին վառվող մոմը. չէ՞ որ այդ մեծ լուսավորիչն իր գործերով մինչ այժմ էլ պայքարում է մարդկային մտքում իշխող խավարի դեմ:  

Այնուհետև ներկայացրեցին նրա կենսագրականը, անցած ուղին՝ փուլ առ փուլ վերլուծելով ու արտասանելով նաև նրա բանաստեղծությունները: Խոսելով նրա յուրաքանչյուր   բանաստեղծական ժողովածուի մասին՝ աշակերտներն արտասանեցին հատվածներ դրանցից: Հնչեցին նաև երգեր՝ գրված Սևակի խոսքերով: Ընթացքում հնչեց նաև Սևակի ձայնը ձայնագրությամբ:
 
Բոլոր ներկաները հաճելի պահեր ապրեցին: Ստացվեց գեղեցիկ գրական-երաժշտական ցերեկույթ: Թեև Սևակի բոլոր ստեղծագործություններն այս կարճ ժամանակու ներկայացնելն ուղղակի անհնար էր, սակայն այն խոսքերն ու բանաստեղծությունները, որ հնչեցին աշակերտների շուրթերից, ստիպեցին իսկապես զգալ Սևակ բանաստեղծի սրտի բաբախյունը:
 
Առավել ուրախալի է այն, որ մեր օրերում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները գերիշխող են դարձել ոչ միայն ընթերցանության, այլև իրական կյանքով ապրելու և առողջ դատելու կարողության նկատմամբ, երեխաները կարողացել էին փնտրել ու գտնել Սևակին, նրա էությունն ու պարզ հոգին բացահայտող ստեղծագործություններ:
 
Կարդացել էին դրանք և մեծ սիրով ու ոգևորությամբ ներկայացրեցին հանդիսատեսին: Սևակը հույզ է, ապրում է, սեր է, ինչպես մեր շատ ու շատ մեծերը, և նրանց հոբելյանները մեզ բոլորիս համար նշանակալի տոներ են, դրանք նշելն անհրաժեշտ է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.