News

Ի՞նչ են խոսում եվրոպացիները միմյանց մասին

Educational 2013-04-03

Կարծրատիպ է, թե եվրոպացիներն առավել հաճախ քննարկում են ամերիկացիներին, նրանց պահելաձևն ու ինքնադրսևորումը: Սակայն վերջերս անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եվրոպացիներն առավել շատ քննարկում են մեկմեկու և բողոքում հարևան երկրների ներկայացուցիչներից` մի քանի անհատական դեպքերի արդյունքում կազմելով որոշակի կարծրատիպ իրենց հարևան եվրոպական երկրների մասին:

Ֆրանսիացիների մասին. հարցման կողմնապահ արդյունքների համաձայն` ֆրանսիացիներին առավել շատ չեն սիրում բրիտանացիները և իսպանացիները, հատկապես կատալոնացիները` ֆրանսիացիների մեծամտության համար: Բրիտանացիները ֆրանսիացիների շուրջ իրենց կարծիքներով բաժանվել են երկու տարբեր ճակատների` հավանողների և անվանենք այսպես` հակառակ ճակատի ներկայացուցիչների: Որոշ բրիտանացիների կարծիքով` ֆրանսիացիները կոպիտ են, չեն սիրում հերթ զբաղեցնել և մեծամիտ են: 

Եվրոպացիներից շատերը, խոսելով ֆրանսիացիների մասին, նաև առանձնացրել են վերջիններիս պատեհ-անպատեհ գործադուլներ կամ ցույցեր կազմակերպելու սովորությունը: 
 
Իտալացիների մասին. իտալացիների մասին հարևան երկրները մեծամասամբ դրական են արտահայտվել` հատկապես գովաբանելով իտալական խոհանոցը: 
 
Իտալացիներն  իրենց հերթին ավելի զուսպ են արտահայտվել համաեվրոպացիների մասին: Հյուսիսի իտալացիների կարծիքով` հարավի իտալացիներն ալարկոտ են և անարդյունավետ են աշխատում, մինչդեռ հարավի իտալացիները գանգատվել են, որ հյուսիսային շրջանների իտալացիներն ավելի զուսպ են, հեռու մշակույթից և արվեստից: 
 
Գերմանացիների մասին. գրեթե բոլոր եվրոպացիները համակարծիք են եղել, որ գերմանացիները շատ աշխատասեր են, բայց մի տեսակ անհանգիստ են և հումորի զգացումից զուրկ: Հատկանշական է, որ չնայած նախկին Խորհրդային Միության երկրներից շատերն են ցանկանում մեկնել և ուսանել Գերմանիայում, եվրոպացիներն ամենևին էլ ցանկություն չունեն սովորելու այնտեղ: Երիտասարդ եվրոպացիները, խոսելով Գերմանիայի մասին, քիչ թե շատ դրական են խոսել Բեռլինի մասին, որտեղ ավելի զարգացած է ակումբային բազմատեսակ կյանքը: Առավել շատ գերմանացիներին քննադատել են հոլանդացիներն ու դանիացիները, ովքեր հաճախ նաև ի ցույց են դնում իրենց զգացմունքները գերմանացիներին առերես: 
 
Գերմանացիներն իրենց հերթին, ըստ վերջերս կատարված այդ հարցման, բավականաչափ հարգանքով են արտահայտվել չեխերի և փոքր-ինչ մեծամտորեն խոսել լեհերի մասին: 
 
Բրիտանացիների մասին խոսելիս շատերը նշել են, որ բարձրախոս են, սիրում են չարաշահել ալկոհոլ, շատ աղմկոտ են լինում հանգստավայրերում, օրինակ, ինչպես նշել են հարցման մասնակիցները, իսպանական Իբիցայում և Ամստերդամում:  
 
Իսպանացիները, ի զարմանս հարցման կազմակերպիչների, բավական չեզոք են խոսել հարևան երկրների ներկայացուցիչների մասին, նույնիսկ չեն առանձնացրել որևէ «ոչ այդքան համակրելի» եվրոպական երկիր: Իսպանացիները մի քանի կարծիքներ են հնչեցրել, թե առանձնապես չեն հավանում ֆրանսիացիներին, սակայն հստակ պատճառներ չեն մեջբերել` հիշատակելով միայն վերջիններիս մեծամտությունը: Իսպանացիների մասին խոսելիս եվրոպացիները չափազանց հաճախ անդրադարձել են իսպանացիների «սիեստաներին և ֆիեստաներին»` ակնարկելով, որ հույների պես չափից շատ են սիրում հանգստանալ և ուրախանալ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.