News

ԵՊՀ-ն հյուրընկալել է Կենդրա Դիասին

Educational 2014-12-27

ԵՊՀ-ում դասախոսությամբ է ներկայացել Կենդրա Դիասը, ով անդրադարձել է ժողովրդալեզվական տեսանկյունից իր անցկացրած հետազոտությանը: «Ժողովրդալեզվաբանական հետազոտությունները հատկապես կարևոր են կոնֆլիկտային կամ սառեցված կոնֆլիկտային գոտիներում: Այդ տարածաշրջաններում ապրող մարդիկ «անտեսանելի» են: Այդ էր պատճառը, որ ցանկացա հենց այս թեման ուսումնասիրել ու հասկանալ, թե այդ մարդիկ ինչ դեր ունեն կոնֆլիկտի հաղթահարման մեջ»,- նշել է Կենդրա Դիասը:
Հետազոտական աշխատանքները կատարվել են 2012-2013 թվականների ընթացքում: Ինչպես ցույց են տվել վերլուծություն արդյունքները, հարցվածների գերակշիռ մեծամասնությունը որպես մայրենի լեզու նշել է հայերենը, այնուհետև նշել, որ խոսում է արցախյան այս կամ այն շրջանին բնորոշ բարբառով:
 
Հետազոտության հեղինակի կարծիքով դա ևս ինքնության դրսևորման մի ձև է. «Երբ ուսանողների շրջանում էինք հարցում անցկացնում, հարցրինք՝ կուզենային արդյոք իրենց բարբառը փոխարինել գրական հայերենով, նրանց մեծամասնությունը պատասխանեց ոչ՝ պատճառաբանելով, որ դրա հետևանքով կարող է կորցնել ինքնությունը»:
 
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել նաև դպրոցներում դասավանդվող լեզուներին: Բոլոր հարցվածները կարծում են, որ պարտադիր է հայոց լեզվի դասավանդումը, իսկ օտար լեզուներից նախընտրելի են այն երկրների լեզուները, որոնք քաղաքական առումով կարող են Հայաստանի դաշնակիցներ լինել:
 
Դասախոսությանը ներկա էին հայաստանյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնք ևս թեման ուսումնասիրել են այս կամ այն տեսանկյունից: Հետազոտության արդյունքների ներկայացումից հետո ծավալվեց բավականին երկար և մասնագիտական քննարկում:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.