News

Բաց դաս Զովաբերի միջնակարգ դպրոցում

Educational 2014-12-25

Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանի «Շախմատ» առարկայի ուսուցչուհի Շ. Մովսիսյանն անցկացրեց ցուցադրական բաց դաս: Դասի թեման «Խաղաքարերի սկզբնական դասավորություն»-ն էր: Դասն սկսվեց խաղի վերաբերյալ գեղեցիկ մոնտաժով, որը ծանոթացնում էր «Շախմատ» խաղի ծագման պատմությանը, խաղատախտակին, խաղաքարերի շարժմանը, խաղի կանոններին:

Այնուհետև խաղաքարերը դասդասվեցին զինվորների և ֆիգուրների, իսկ վերջիններս՝ ծանրերի և թեթևների: Դրան հաջորդեց աշակերտների հետազոտական աշխատանքների ներկայացումը: Աշակերտներից յուրաքանչյուրը պատրաստել էր հաղորդում որևէ խաղաքարի վերաբերյալ:

Ներկայացմանը զուգընթաց ուսուցչուհին մատուցեց նոր նյութը՝ «Խաղաքարերի սկզբնական դասավորությունը»: Նա նաև ուներ լրացուցիչ տեղեկություն Ռ. Ջ. Ֆիշերի խաղաքարերի սկզբնական դասավորության 960 տարբերակների մասին:
 
Դասի բոլոր հիմնական փուլերը տրամաբանորեն շաղկապելով, տարբեր մեթոդներ, հնարներ, միջոցներ օգտագործելով, համագործակցային ուսուցման տարրերով համեմելով՝ ուսուցչուհին հասավ նրան, որ աշակերտները ոչ միայն ստացան ակադեմիական գիտելիքներ, այլ նաև կարողացան դրանք կիրառել տարատեսակ խմբային աշխատանքների, խաղ-մրցույթների ձևով:
 
Դասի վերջում աշակերտերը ներկայացրեցին ասույթներ շախմատի մասին և կատարեցին ինքնագնահատում:
Դասին ներկա գտնվող բոլոր ուսուցիչների համար «Շախմատ» ուսումնական առարկան մեկ անգամ ևս կարևորվեց որպես «մտքի արվեստ»՝ աշակերտների տրամաբանական միտքը զարգացնող, բնավորության լավագույն գծեր՝ կամքի ուժ, վճռականություն, սառնասրտություն, համբերություն, հաղթանակի ձգտելու կամք, օբյեկտիվություն ձևավորող կարևոր խթան:
 
Գոհ էին և՛ դասալսողները, և՛ դասավանդող ուսուցչուհին, և՛ աշակերտները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.