News

Նիստում ամփոփվել է անցնող տարին

Educational 2014-12-25

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ներառված է եղել երկու հարց՝ 2014 թվականին կատարված աշխատանքների հաշվետվություն և 2015 թվականի բյուջեի նախահաշվի հաստատում: ԵՊԲՀ ռեկտոր Մ. Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է ընթացիկ տարվա աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

2014 թվականի աշխատանքներում մեծ տեղ է հատկացվել  ԵՊԲՀ կլինիկական ծառայությունների ակտիվացմանը, ինչպես նաև միջազգային կապերի ամրապնդմանը և միջբուհական ծրագրերի իրականցմանը: Ներկայումս, ինչպես իր հաշվետու ելույթում նշել է ռեկտոր Մ. Նարիմանյանը, բժշկական համալսարանում ուսանում է 1498 օտարերկրացի ուսանող՝ 24 երկրից:

Նրանցից 541-ը հայեր են, մնացածը՝ օտարազգիներ: Արտասահմանցի ուսանողների ներգրավումը մեծացնելու առումով որպես խնդիր մատնանշվել է հանրակացարանային բազայի անհամապատասխանությունը պահանջարկին: Կառավարման խորհուրդը հաստատել է ԵՊԲՀ 2014 թվականի հաշվետվությունը և հաստատել 2015 թվականի բյուջեի նախահաշիվը:
 
Ամփոփելով նիստը ՝ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Երևանի պետական բժշկական համալսարանը՝ համաձայն կառավարության որոշման ստացել է հիմնադրամի կարգավիճակ, որը զարգացման նոր հեռանկարներ է խոստանում բուհին. «Նոր կարգավիճակը բուհին ակադեմիական  և ֆինանսական գործունեության ավելի մեծ ազատություն է  տալիս: Միաժամանակ, սա նաև նոր պարտավորություն է ենթադրում բուհի համար:
 
ՊՈԱԿ-ից դառնալով հիմնադրամ՝ համալսարանը դարձել է հանրային կառույց և պարտավոր է ավելի բաց ու հաշվետվողական աշխատելաոճ որդեգրել»,- նշել է նախարարը և հավելել, որ պետական ռեգիստրում գրանցվելուց հետո պետք է ձևավորվի կառավարման նոր մարմին՝ հոգաբարձուների խորհուրդ, որից հետո վերջինիս կողմից կհայտարարվի ռեկտորի ընտրություն:
 
Խորհրդի նիստում անդրադարձ է եղել նաև բուհի նոր կարգավիճակով պայմանավորված կազմակերպչական և աշխատանքային մի շարք այլ հարցերի:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.