News

ՀՊՃՀ ՈւԽ-ն նշում է իր 20-ամյակը

Educational 2014-12-24

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ նախկին ՀՊՃՀ-ի ուսանողական խորհուրդը նշել է 20-ամյակը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, շնորհավորելով ուսանողական խորհրդի 20-ամյակը, շեշտել է, որ պոլիտեխնիկի մեծագույն արժեքն ուսանողությունն է. «Որպես կրթության և գիտության նախարար, ով իր գործունեության ողջ ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տվել ուսանողության հասարարական ակտիվությանը, նրանց ազատ գործելու իրավունքին, ինձ համար կրկնակի հաճելի է լինել այստեղ:

Որպես նախկին ուսանողական խորհրդի նախագահ` կարող եմ փաստել, որ ուսխորհուրդն անհատի ձևավորման համար մրցակցային ճանապարհի ամենակարևոր օղակներից է: Պոլիտեխնիկն այն բուհն է, որտեղ սովորողն իր հետ տանում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նախևառաջ մտածողություն՝ մարդկային արժեքներ, ընկերություն, մարդասիրություն:

 
Պոլիտեխնիկի մեծագույն արժեքը բոլոր ժամանակներում եղել և մնում է ուսանողությունը՝ իր բացառիկ կուռ համախմբվածությամբ և կառուցիկ ինժեներական մտքով»,- շնորհավորանքի խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը: 
 
Միջոցառման ընթացքում ամփոփվել են բուհի «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր» մրցույթի արդյունքները: Բուհի ուսանողական խորհուրդը  ՀՀ ԿԳ նախարարին հանձնել է ուսանողական խորհրդի հուշամեդալը՝ հաշվի առնելով  Ա. Աշոտյանի` Հայաստանում ուսանողական կառուցների ձևավորման և  կայացման գործում  ունեցած  ավանդն ու ներդրումը:
 
Ուսանողական խորհրդի տոնական միջոցառմանը ներկա են եղել նաև բուհի կառավարման խորհիդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ս. Նիկոյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ, ԱԺ պատգամավոր Կ. Ավագյանը:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.