News

Երևանում մեկնարկեց մանկական գրականության շաբաթ

Educational 2013-04-03

Ապրիլի 2-ին Երևանում մեկնարկեց մանկական գրականության շաբաթը: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ այն նշվում է արդեն 70 տարի:

«Ռուսների նախաձեռնությամբ` տոնը արտահանվեց նաև Հայաստան, սակայն անկախությունից հետո մոռացության էր մատնվել, որից հետո` 2002թ-ին այն վերականգնվեց ի թիվս Թարգմանչաց տոնի, Երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքների և այլնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Անանյանը: Տոնը սովորաբար նշվում է մարտի 6-ին, սակայն այս տարի դպրոցական արձակուրդների պատճառով այն մեկնարկել է ապրիլի 2-ին: Անանյանի մեկնաբանությամբ` այս օրն էլ իր խորհրդանիշն ունի, քանի որ այսօր ծնվել է դանիացի մեծանուն մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենը:

Ժամանակին տոնը նշվում էր պետական լծակներով, հիմա ներգրավվում են հասարակական կազմակերպությունները և քաղաքային ու մարզային գադարանները` Խնկո Ապոր անվան մանկական, Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային, Ազգային և այլ գրադարաններ: Այս տարի բացումը տեղի է ունենալու Գավառում` մշակույթի պալատում: «Սա նունյպես ավանդույթ է, քանի որ չենք ուզում ամեն ինչ կենտրոնացնել մայրաքաղաքում` զարգացնելով նաև մարզերի գրական կյանքը: Այսօր Գավառ կմեկնեն մանկագիրներ Սուրեն Մուրադյանը, Լիպարիտ Սարգսյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Երվանդ Պետրոսյանը և Անուշ Վարդանյանը»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Խնկո Ապոր անվան գրադարանը շեշտը դրել է կենդանի հանդիպումների վրա. այսօր կլինի հանդիպում բանաստեղծ Ռուզան Ասատրյանի հետ: Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանն այս տարի որոշել է շաբաթը նշել մանկական-պատանեկան գրականության երախտավորների հոբելյաններով` մասնավորապես Մկրտիչ Կորյունի ծննդյան 100-ամյակի և Խաժակ Գյուլնազարյանի 95-ամյակի տոնակատարությամբ:

Ապրիլի 5-ին կլինի Մանկական գրքի շաբաթի պաշտոնական փակումը, որը զուգադիպում է գրող Լիպարիտ Սարգսյանի հանդիպման հետ: Լևոն Անանյանի փոխանցմամբ` այդ օրը նաև կհրապարակվի ՀԳՄ-ի մրցանակաբաշխության արդյունքները` տարվա լավագույն գիրք անվանակարգում: Այս տարի ՀԳՄ-ն մանկական գրականության մրցանակը բաշխել է երկու գրողի` Արթուր Անդրանիկյանի և Բագրատ Ալեքյանի միջև:

Մանկագիր Սուրեն Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեց, որ Մանկական գրքի շաբաթի առաջին տոնակատարության ժամանակ դպրոցական է եղել, իսկ հետագայում ծանոթանալով ամբողջ նյութին, որպես գրող անձամբ է մասնակցել: «Երբ առաջին անգամ Մոսկվայում մասնակցում էի Մանկական գրքի շաբաթին, մի կողմից ռումբեր էին նետում Մոսկվայի վրա, իսկ մյուս կողմից տոնն էր նշվում: Դա խոսում է այն մասին, թե որքան էին կարևորում նրանք գիրքը և անտեսում պատերազմական իրավիճակը»,- ընդգծեց մանկագիրը: 

Մանկական գրքի շաբաթը նշվում է 1943թ-ից Խորհրդային միության երկրներում: Տոնի նպատակն է կազմակերպել հանդիպումներ գրողների և ընթերցողների միջև, ինչպես նաև հանրությանը ներկայացնել մանկական ստեղծագործություններ` իրականացնելով գրքի քարոզչություն:

Սկզբնաղբյուր՝ www.armenpress.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.