News

Կայացել է ԵՊՀ խորհրդի ամփոփիչ նիստը

Educational 2014-12-23

Համաձայն ԵՊՀ տեղեկատվական բաժնի հաղորդման՝ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Օրակարգում ներառված է եղել 3 հարց, որոնց շրջանակներում ներկայացվել են ԵՊՀ 2013-2014 ուստարվա գործունեությունը, հիմնական ուղղություններով կատարված աշխատանքները, ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցը, 2014 թ-ի (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականը, ինչպես նաև 2015թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ 2013-2014 ուստարվա գործունեության վերաբերյալ ներկայացրել է ծավալուն հաշվետվություն, որը ներառում էր կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, հրատարակչական գործունեության, հանրային կապերի և տեղեկատվական համակարգերի, սոցիալական քաղաքականության, ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների ոլորտները, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությունը:
 
ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրով 5-ամյա ժամանակահատվածում նախատեսված էին ռազմավարական մի շարք ուղղություններ, որոնք նպատակաուղղված էին ԵՊՀ-ում բարձորակ կրթության ապահովմանը, բարձրակարգ հետազոտությունների և նորարարությունների իրականացմանը, որակյալ կադրային ներուժի կատարելագործմանը, որակյալ ծառայությունների տրամադրմանը, ընդունելության բազմազանեցման մուտքի ընդլայնմանը, ֆինանսական կայունությանը և այլն:
 
Ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանով սահմանվել էին այդ խնդիրների համապատասխան գործողությունների կատարման ժամկետները` ըստ ուսումնական տարիների և կիսամյակների, ինչպես նաև կատարող ստորաբաժանումները և պատասխանատու անձինք: Բացի ռազմավարական հիմնական նպատակները ներկայացնելուց, ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ նաև ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում գրանցված բացթողումներին ու թերություններին:
 
Օրակարգային բոլոր հարցերին անդրադառնալուց հետո խորհրդի անդամները ելույթ ունեցան, հնչեցին նաև առաջարկներ: Արդյունքում քննարկվեցին մի շարք ընթացիկ այլ հարցեր, որոնք վերաբերում էին համալսարանի գիտաշխատողների հավելավճարներին, ուսանողների հայրենաճանաչողական ծրագրերին, նյութատեխնիկական բազայի վերազինմանը և այլն:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.