News

«Dasaran.am»-ն ամրապնդում է դպրոց-մշակույթ կապը / ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ /

Educational 2014-12-22

Կարևորելով աշակերտների՝ հայկական մեծաժառանգ մշակույթին, արվեստի գլուխգործոցներին և առհասարակ մշակութային կյանքին հաղորդակից լինելու անհրաժեշտությունը՝ «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնությամբ շարունակվում են աշակերտների այցերը Հայաստանի Ազգային Պատկերասրահ: Ի թիվս բազմաթիվ դպրոցների՝ օրերս Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի 6 «բ» և 6 «դ» դասարանների աշակերտները ևս այցելեցին Հայաստանի Ազգային Պատկերասրահ:

Աշակերտները ծանոթացան Երևանի գլխավոր պատկերասրահի հայկական գեղանկարչությունը ներկայացնող կտավներին` Հակոբ Հովնաթանյանի դիմանկարներին, մեծ ծովանկարիչ Այվազովսկու կտավներին, դիտեցին Վարդգես Սուրենյանցի «Ոտնահարված սրբություն», «Սալոմե» և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավները, ծանոթացան Գևորգ Բաշինջաղյանի «Արարատ», «Սևան», Ենովք Նազարյանի կավճանկարներին, հիացան փորձարար նկարիչ Եղիշե Թադևոսյանի անգույն քարերով պատրաստած ինքնադիմանկարով, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի կտավներով:

Սրահները դիտելիս երեխաներին տրվեցին հարցեր Կոմիտասի, Արա Գեղեցիկի և Շամիրամի, հայկական եկեղեցիների մասին: Երեխաները շատ հստակ ու գեղեցիկ պատասխանեցին հարցերին: Այնուհետև պատկերասրահի աշխատակիցը նրանց ներկայացրեց ժամացույցների պատմությունը, պատմեց աշխարհում առաջին` արևային, ջրային ու ավազի ժամացույցների, նրանց հեղինակների ու տարբեր ժամանակներում մարդկության ստեղծած ժամացույցների պատմությունը:
 
Պատմեցին նաև ամենաթանկարժեք ժամացույցների և Հանրապետության հրապարակի ժամացույցի մասին, ներկայացրին նրանց անհրաժեշտությունը մարդու կյանքում: Այնուհետև կազմակերպվեց խաղ «Ժամ և ժամանակ» խորագրով, որի ընթացքում աշակերտներին հարցեր ուղղեցին իրենց պատմած թեմաներից՝ ստուգելու նրանց ուշադրությունն ու ինտելեկտուալ մակարդակը:
 
Պատանի սիամանթոյականները շատ գրագետ ու մանրամասն պատասխանեցին հարցերին, նույնիսկ լրացրեցին ստացած ինֆորմացիան: Վերջում կազմակերպվեց «Գլուխկոտրուկ» խաղը, որին մասնակցեցին մեծ ջանասիրությամբ, արագ ու համատեղ ուժերով: Պատկերասրահի անձնակազմը ողջունեց պատանի սիամանթոյականներին հրաշալի գիտելիքների ու հատկապես կյանքի թանկարժեք ժամանակը ռացիոնալ տնօրինելու համար:
 
Պատանի սիամանթոյականները, նրանց դասղեկներ Սուսաննա Մովսիսյանն ու Անի Յուզբաշյանը շնորհակալություն հայտնեցին թե´ Ազգային Պատկերասրահին, թե´ «Dasaran.am»-ի տնօրինությանը նման հետաքրքիր ու բովադակալից հանդիպման համար, հույս հայտնեցին, որ յուրաքանչյուր հայ մարդ հնարավորություն կունենա հաղորդակից դառնալու արվեստի պատմությանն ու կսովորի գնահատել մարդկային բարձրագույն արժեքները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.