News

Մրգահանդես-ցուցահանդես Չարենցավանի թիվ 5 դպրոցում

Educational 2014-12-16

Օրերս Ե. Չարենցի անվան թիվ 5 հիմնական դպրոցում կայացավ մրգահանդես-ցուցահանդեսը: Միջոցառման մեկնարկն ազդարարեց ժիր զատիկը: Նա մրգերին կոչ արեց մասնակցել մրգահանդեսին, որի ընթացքում մրցութային կարգով պիտի ընտրվեր իրենց ավագը՝ թագավորը:

Եվ այսպես նուռը, խնձորը, տանձը, դեղձը և մնացած բոլոր մրգերը շարան-շարան հավաքվեցին և գնացքով ուղևորվեցին ցուցահանդես: Բանջարեղենները գողեգող սկսեցին մտնել վագոն, սակայն ակնապիշ թուզը նկատեց իրողությունը և փորձեց դուրս անել նրանց:

Այստեղից էլ ծագեց վիճաբանությունը, որը քիչ էր մնում վերածվեր պատերազմի: Զայրութից կանաչ դարձած ձմերուկն օգնության կանչեց իր ընկեր բանջարեղեններին:  Եվ ահա վարունգը, սեխը և այլ բանջարեղենները մի մեծ բանակ կազմեցին:
 
Ի վերջո, նրանց հաջողվեց իրենց տեղը գրավել գնացքում և առաջ շարժվել: Այնուհետև կրկին հայտնվեց զատիկն ու հայտարարեց մրցույթի կանոնները՝ հաղթողը պետք է ներկայացներ իրեն՝ շեշտելով իր առանձնահատկություններն ու օգտակարությունը:
 
Պարզվեց, որ խաղողն ամենից պիտանին է և օգտակարը. նրանից պատրաստում են մուրաբա, քացախ, խաղողահյութ և այլն: Իսկ ահա նրա ճյուղերն իսկական հարստություն են գեղանկարիչների  համար.  դրանցից ստացվում է նկարչական ածուխ:
 
Խաղողը զարդարում է նաև տոնական սեղանը: Գաղտնիք չէ, որ չամիչը ստացվում է այս հատիկավոր մրգից, իսկ ավանդական տոլման պատրաստվում է նրա թփերից: Խաղողից պատրաստում են նաև գինի, կոնյակ և օղի:
 
Եվ ահա բանջարեղենները, որ մինչ այդ մարտական ոգով էին ելել թատերաբեմ, տեսնելով խաղողի ուժը, միաձայն առաջարկեցին թագադրել հենց նրան: Մրգերի խումբը ևս հավանություն տվեց այդ առաջարկին՝ իրենց թագավորի պատվին մի մեծ խնջույք անելով:
 
Այս միջոցառման ընթացքում բանջարեղենների և մրգերի դերերում հանդես եկող 3-ի «բ» դասարանի աշակերտները հնչեցրին նաև աշնանային երգեր: Երեխաները պարեցին հայկական-ազգագրական պարեր: Մրգահանդեսը եզրափակեց Դավիթը՝ շվիով նվագելով մուլտհերոս Գենայի «Երկնագույն վագոն» երգը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.