News

Ներկայացվել է ԵՄ կրթական նոր ծրագիրը

Educational 2014-12-12

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ԵՄ նոր Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայանն Հրիսթեան, կրթության ոլորտի պատասխանատուներ, միջազգային գործընկերներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ Էրազմուս+ ծրագիրը կարևորվում է միջբուհական ծրագրերի, նոր կրթական ծառայությունների մատուցման, ինչպես նաև կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ մերձեցման տեսանկյունից:  

 
«Մեզ համար ծրագրի հավելյալ կարևորությունը պայմանավորված է այն եզակի հնարավորությամբ, որն ընձեռում է Եվրահանձնաժողովը` օգտվելու եվրոպական կրթական տարածքում բովանդակային և ֆինանսական նոր հնարավորություններից: Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 18 մլրդ եվրո:
 
Ուստի, Արևելյան գործընկերության բոլոր երկրները հրաշալի հնարավորություն են ստացել շարունակել իրենց կրթական բարեփոխումները, խթանել ուսանողների որակյալ կրթության ծրագրերը և բուհերը բարձրացնել միջազգային մակարդակի: Այն բուհերը, որոնք այս պարագայում կդրսևորեն պասիվ աշխատելաոճ, կզրկվեն լավ հնարավորությունից:
 
Մեր շահագրգռվածությունը ոչ միայն ԵՄ-ի ֆինանսական աջակցության մեջ է. մեր բուհերն ունեն արդիական լավ գաղափարների և որակյալ ծառայությունների կարիք, որ նրանց առջև բացում է ԵՄ-ն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծրագրի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը կրկնակի մեծացել է, քանի որ Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, և հաջորդ տարի Երևանում կանցկացվի 47 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարական գագաթաժողով:
 
Միջոցառման նպատակն էր տեղեկացնել բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին նոր Էրազմուս+ ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածի մի շարք գործողությունների մրցույթների մեկնարկի մասին (Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր, Կրեդիտային շարժունություն, Կարողությունների զարգացումը Բարձրագույն կրթության ոլորտում, Ժան Մոնե գործողություններ), ներկայացնել ծրագրի հիմնական ուղղությունները, մասնակցության պայմանները, ինչպես նաև Եվրոպական Միության (ԵՄ) և տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները: 
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.