News

«Ինձ բացակա չդնեք»

Educational 2014-12-11

Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցի 12 «ա» դասարանում օրը սահյանական էր, լի էր աշնանային բույր ու շշուկով: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սիմոնյանը կազմակերպել էր բաց դաս՝ նվիրված Համո Սահյանին՝ «Ինձ բացակա չդնեք» խորագրով:
«Հեղինակի աթոռ» մեթոդով կազմակերպվել էր հանդիպում Համո Սահյանի հետ ժամանակի և տարածության մեջ: 
Տարվեց կենդանի հարցազրույց, որի ընթացքում պատասխանելով աշակերտների հարցերին՝ բանաստեղծը պատմեց իր ապրած կյանքի և անցած գրական ուղու մասին, նորովի ներկայացավ և՛ որպես մարդ, և՛ որպես բանաստեղծ:
 
Աշակերտներն իրենց սովորած բանաստեղծությունները ներկայացրեցին, գեղեցիկ ասմունքով և հուզիչ երանգներով ներկաներին տարան մի ուրիշ աշխարհ… սահյանական պոզիայի կախարդական աշխարհ… այն բանաստեղծական հրաշք աշխարհը, ուր ջրվեժն ուշաթափվում է, թելիկ-մելիկ առուն իր գիրկն է առնում կարմիր մասուրն ու թռչում քարերի գլխով, հոգնած ամպը հոգին է ավանդում ծիածանի հոնքին, քարափները զարմացած իրար են նայում, լորը կտուցին ծիածան է տանում, իսկ աշունը… օրոր է ասում աշունն անտառին, բայց դեռ անտառի քունը չի տանում…
 
Ներկաները սահյանական պոեզիայի ու իրենց կանաչ-կարմիր երազների տաք ծվեններով գնացին-հասան զանգեզուրյան ձորերն ու քարայրները, հիացան բնաշխարհի գույներով ու բույրերով, լսեցին կախարդական հնչյուններն ու խոնավ շշուկները…
 
Դասն ուղեկցվում էր աշակերտների պատրաստած տեսահոլովակներով, հայրենի բնաշխարհի պատկերներով: Ներկաները լսեցին հեղինակի կենդանի ձայնը, հնչեցին երգեր, որոնք գրված էին հեղինակի խոսքերով: Վերջում աշակերտները ներկայացրեցին քառաբաժան՝ բանաստեղծական տողերով:
 
Պատրաստել էին նաև թղթապանակ հեղինակի մասին, որը հանձնեցին տնօրենին: Դասը հաջողված էր, ուսուցչուհին վայելում էր իր աշխատանքի արդյունքը: Տնօրենը գնահատեց և գովասանքի խոսք ասաց 12-րդ դասարանի աշակերտներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.