News

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Educational 2014-12-11

Հոգեբանի մասնագիտական օրվա շրջանակներում Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցի հոգեբան Ն.Մուրադյանը դպրոցում անցկացրել է հոգեբանության շաբաթ, որի նպատակն էր աշակերտների և ուսուցիչների շրջանում տարածել և կիրառելի դարձնել հոգեբանական գիտելիքները: Յուրաքանչյուր օրվա համար ընտրվել էր նշանաբան և իրականացվել համապատասխան հոգեբանական ակցիա:
Հոգեբանական ակցիա «Տրամադրությունների ծիածան»
Նշանաբանը՝ «Հույզերը միայն գունավորում են մեր կյանքը»:
Նպատակը՝ զարգացնել սեփական հոգեվիճակի և հույզերի վրա կենտրոնանալու կարողությունը:
 
Ընթացքը՝ օրվա ընթացքում աշակերտներին և ուսուցիչներին առաջարկվել է անգույն ծիածանի պատկերով պաստառի վրա փակցնել այն գույնի ժետոնը, որը համապատասխանում է այդ օրվա իրենց տրամադրությանը:
 
Միջոցառումը շարունակվեց մինչև դասերի ավարտը, և եզրակացություն արվեց այդ օրը դպրոցում տիրող ընդհանուր տրամադրության մասին: 
 
Հոգեբանական ակցիա «Հետախույզներ»
Նշանաբանը՝ «Ով փնտրում է, նա գտնում է»:
Նպատակը՝ զարգացնել աշակերտների հաղորդակցական հմտությունները, դիտողունակությունը, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունը:
 
Ընթացքը՝ օրվա սկզբում յուրաքանչյուր դասարան ստացավ 10 հարցից բաղկացած «Նամակ-առաջադրանք»: Հարցաշարում ընդգրկված էին դպրոցին և ուսուցիչներին վերաբերող հետաքրքիր հարցեր: Աշակերտները պետք է դասամիջոցների ընթացքում հնարավորինս շուտ գտնեին բոլոր հարցերի պատասխանները և փոխանցեին հոգեբանին:
 
Մրցույթի ընթացքում հաղթող ճանաչվեց 8 «բ» դասարանը և պարգևատրվեց «Ամենահետաքրքրասեր և արագ կողմնորոշվող դասարան» կոչմամբ: 
 
Հոգեբանական ակցիա «Ես երջանիկ եմ»
Նշանաբանը՝ «Իմ երջանկության չափը կախված է ինձանից»:
Նպատակը՝ զարգացնել սեփական արժեքները գնահատելու կարողությունը:
 
Ընթացքը՝ դասամիջոցների ընթացքում աշակերտներին տրվում էին համապատասխան թղթիկներ, որոնց վրա նրանք պետք է գրեին և շարունակեին «Ես երջանիկ եմ, որովհետև…» նախադասությունը: 
Ամենահետաքրքիր պատասխաններն ամփոփվել են պաստառի տեսքով:
 
Հոգեբանական ակցիա «Ժպտանք միասին»
Նշանաբանը՝ «Աշխարհին ժպիտ նվիրի´ր»:
Նպատակը՝ դպրոցում ստեղծել դրական մթնոլորտ:
 
Ընթացքը՝ դասամիջոցների ընթացքում հոգեբանը և հոգեբանական հանձնախմբի անդամները լուսանկարում էին բոլոր ցանկացողների ժպիտները (անհատական կամ խմբային): 
Առավել հետաքրքիր լուսանկարները տպագրվել են և փակցվել պաստառի վրա:
 
Հոգեբանական ակցիա «Ուրախությունների գիրք»
Նշանաբանը՝ «Միասին ավելի ուրախ է»:
Նպատակը՝ զարգացնել աշակերտների կոլեկտիվ ստեղծագործական աշխատանքի հմտությունները, շեշտադրել համատեղ անցկացրած օրերի կարևորությունը:
 
Ընթացքը՝ յուրաքանչյուր դասարանի աշակերտներին նախապես հանձնարարվել էր մեկ A4 ֆորմատի թղթի վրա պատկերել իրենց դասարանի հաջողությունները, նվաճումները խորհրդանշող պատկեր:
 
Բոլոր դասարանների ներկայացրած պատկերներն ամփոփվել են մեկ «Ուրախությունների գրքի» մեջ: 
Ամբողջ շաբաթվա ընթացքում աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցում էին իրականացվող ակցիաներին, ուստի հոգեբանության շաբաթը կարելի է համարել ստացված:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.