News

«Dasaran.am»-ի նոր նախաձեռնությունը խթանում է աշակերտ-գրատուն կապի ամրապնդումը

Educational 2014-12-10

Դեկտեմբերի 6-ին «Մարկո Պոլո» շտապող երեխաների և նրանց ծնողների հուզմունքն ու պայծառ ժպիտները հուշում էին այնտեղ անցկացվելիք միջոցառման մասին. «Dasaran.am» կրթական ծրագրի և «Նոյան Տապան» գրախանութի համատեղ հայտարարած մրցույթը հասել էր իր տրամաբանական ավարտին՝ մրցանակաբաշխության արարողությանը:
Համատեղ իրականացված մրցույթի նպատակն էր խթանել ներկայիս արագ տեմպերով թվայնացվող ժամանակաշրջանում աշակերտ-կրթություն-գրատուն կապի պահպանումը, ամրապնդել աշակերտների շրջանում գրատուն հաճախելու մշակույթը, ինչպես նաև խրախուսել աշակերտներին՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները ծառայեցնելու կրթությանը, իմացության և մտահորիզոնի ընդլայնմանը:
 
Հայաստանի տարբեր ծայրերից հանդիսությանը ներկա գտնվող երեխաներն ու նրանց ծնողներն անհամբերությամբ սպասում էին մրցանակների հանձնման արարողության մեկնարկին. չէ՞ որ այդ երեխաներից յուրաքանչյուրը կարող էր դառնալ օրվա հերոսներից մեկը:
 
Մրցանակաբաշխությունն սկսեց «Dasaran.am» կրթական ծրագրի և «Նոյան Տապան» գրախանութի ներկայացուցիչների ելույթներով: Ելույթներում մասնավորապես կարևորվեց կրթություն-գրատուն-ժամանակակից տեխնոլոգիաներ կապում աշակերտների ակտիվ դերակատարումը:
 
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում մրցույթում ակտիվ մասնակցություն ցուցաբերած և հաղթող ճանաչված ընդհանուր առմամբ 51 աշակերտ պարգևատրվեց կազմակերպող կողմերի սահմանած մրցանակներով:
 
«Dasaran.am»-ը, կարևորելով հատկապես սահմանամերձ շրջանների հանրակրթական դպրոցների աշակերտների՝ ուսման ոլորտում ներգրավվածությունը, արժևորելով նրանց ցուցաբերած ակտիվությունը, նախատեսել էր հատուկ անակնկալ այդ աշակերտների համար՝ նրանց մրցանակներն ուղարկելով հեռավոր սահմանամերձ շրջաններ:
 
Առաջնորդվելով կրթություն-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ-փոխհարաբերության համատեքստում աշակերտների դրսևորած հետաքրքրության և մասնակցության աճի խթանմամբ, ինչպես նաև աշակերտ-գրատուն կապի ամրապնդմամբ՝ «Dasaran.am»-ը հորդորում է լինել ակտիվ, ձգտել գիտելիքների հղկման և ինքնակատարելագործման, քանի որ այսպիսի նախաձեռնությունները լինելու են շարունակական:
 
Մյուս հաջողակը գուցե հենց դու լինես…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.