News

Ամփոփվել է «Գրաբարյան օրեր 2014» օլիմպիադան

Educational 2014-12-10

«Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադան, որին դպրոցներից ներկայացված հայտերով շուրջ 90 աշակերտ է մասնակցել, եզրափակվել է: Արդյունքների ամփոփումը, որը տեղի է ունեցել ԱՀԹ առաջնորդարանում, մասնակցել են ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ:

Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին, նշել է, որ  ծրագրի նպատակը երիտասարդների մոտ հայրենասիրության և մշակույթի վերարթնացումն է գրաբարի միջոցով: 

 
«Տարիներ շարունակ մենք նկատում էինք, որ երիտասարդները եկեղեցական ծիսակարգերին անհաղորդ էին, այդ պատճառով էլ վերոնշյալ ծրագիրը Վեհափառի օրհնությամբ կյանքի կոչեցինք: Ծրագրի միջոցով մենք նպատակ ունենք գրաբարն արդիականացնել, լրացնել մեր երիտասարդների անհաղորդությունը մեր հոգևոր ժառանգությանը, որի առանցքը ոսկեդարն է… 
 
Ոսկեդարյա ժառանգությունը պետք է հայ երիտասարդները կրեն և վերածաղկեցնեն իրենց մեջ այն հզոր ներդրումը, որ կատարել են նրանց հոգևոր հայրերը»,-նշել է Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը`  ծրագրի իրականացմանն աջակցելու համար իր շնորհակալությունը հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:  
 
Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով օլիմպիադայի անցկացումը, նշել է, որ դպրոցի առաքելությունը միայն նորարարության, գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցումը չէ: «Դպրոցը նախևառաջ ազգային ինքնության պահպանման վայր է, ազգային աժեքների վրա խարսխված աշխարհայացքի ձևավորում, ինչն անհնար է պատկերացնել առանց ազգային ինքնության մաս կազմող բազմաթիվ արժեքների, որոնցից մեկն էլ գրաբարն է…»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:
 
Ծրագրի շրջանակներում Երևանի բազմաթիվ ավագ դպրոցներում կազմակերպվել են միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, գրաբարի տեսադասընթացների ցուցադրություններ ուսուցիչների ու աշակերտների ջանքերով: Ծրագրի ընթացքում ուսուցիչներն աշակերտներին նախապատրաստել են գրաբարի առաջին օլիմպիադային:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.