News

«Աշունը հրաշքների աշխարհում» գրական-երաժշտական ցերեկույթ

Educational 2014-12-05

Աշունն իր երփներանգ գույներով, բերք ու բարիքով պատրաստվում էր հրաժեշտ տալ Շենգավիթ համայնքի թիվ 74 հիմնական դպրոցին: II «ա» դասարանի դասվար Ալվարդ Հարությունյանը երաժշտության ոսուցչուհի Ն. Բեգլարյանի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Շ. Ղաջոյանի աջակցությամբ կազմակերպել էր վերոգրյալ խորագրով ցերեկույթը`նվիրված աշնան հրաժեշտին:

Թե՛դասարանը, թե՛դահլիճը ոսկեզօծ աշնան տեսք էին ստացել: Աշակերտները ոսկեհանդերձ հագուստով ներկայացան որպես «տերևիկներ», «ամպիկներ», «անձրևիկներ», «քամիներ»:

Բեմի գլխավոր պատից հանդիսատեսին բարեհամբույր ժպտում էր Աշուն թագուհին, հեռվից հրաժեշտ էր տալիս չվող թռչունների երամը, ամպերի տակից մեղմ ժպտում էր արևը,  բեմահարթակի աջ մասում բերք ու բարիքով լի աշնան սեղանն էր, իսկ ձախ մասում`«Հմուտ ձեռքեր» անկյունում, տեղադրված էին աշակերտների պատրաստած կոմպոզիցիաները`տերևներով, սերմերով, շիվերով, այլևայլ պտուղներով: 

Փոքրիկներն աշնան երանգապնակի շլացուցիչ գունեղությամբ նկարագրում էին աշունը` ներկայացնելով այն որպես բերք ու բարիքի, միրգ ու պտուղի օրհնանքի տոն, թախծոտ ու անրջող հոգիների սիրելի եղանակ: Եվ այդ ամենին զուգահեռ էկրանով ցուցադրվում էին աշնանային տեսարաններ:
 
Ցերեկույթը գլխավորում էին Աշուն տատիկը, Անտառի փերին, Աշուն թագուհին, մառանապետը, մատռվակը և նրանց օգնականները`Սեպտեմբերը, Հոկտեմբերը, Նոյեմբերը: Աշուն թագուհու մրգապալատ էին հյուրընկալել Հայաստանի տարբեր այգիներից, բանջարանոցներից, դաշտերից, զբոսայգիներից և այլ վայրերից եկած «պատվիրակներ», որոնք ասմունքում, երգում, պարում էին, հանելուկներով մրցակցում իրար հետ:
 
Տոնահանդեսին յուրահատուկ ներդաշնակություն էին հաղորդում աշնանային մեղեդիները: Հնչեցին Ն. Սահակյանի երգերը, Մ. Բադալյանի կատարմամբ «Դեղնած դաշտերից իջել է աշուն» երգի ներքո գեղեցիկ պարով հանդես եկան Անտառի փերին, «Տերևիկները» և «Քամիները»` իրենց հետ բերած աշնան գորգերը փռելով բեմահարթակին:
 
Իսկ Ռ. Մաթևոսյանի կատարմամբ «Աշնան քարավան» երգի ներքո աղջիկները ներկայացրին «Ծառերի պարը»: Ուսուցչուհին վարպետորեն անձնավորել էր տերևներին, ամիսներին, որոնք բեմականացումներով մեծ հաճույք և բավականություն պարգևեցին հադիսատեսին: Ցերեկույթն ավարտվեց հրաժեշտի խոսքերով`ուղղված Աշուն թագուհուն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.