News

Համացանցը կյանքում և դպրոցում

Educational 2014-12-03

ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում ինֆորմատիկայի ուսուցչուհի Մանուշ Տոնեյանը կազմակերպեց և անցկացրեց բաց դաս՝ նվիրված համացանցից օգտվելու էթիկայի կանոններին և դրանց պահպանմանը: Դասի ընթացքում ներկայացվեց համացանցից օգտվելու սոցիալական ու բարոյական նորմերի, շրջակա միջավայրի ու մարդկային գործոնի փոխադարձ կապն ու առկա հիմնախնդիրները:
Չէ՞ որ համացանցը տալիս է վիրտուալ աշխարհում գործելու և «ապրելու» լայն  հնարավորություններ: Եվ ինչպես իրական կյանքում, այստեղ ևս մեծ է միջավայրի դերը: Այն կարող է լինել ոչ միայն ստեղծագործական, նորարարական ու դեպի լավը տրամադրող, այլև կարող է լինել վտանգավոր, երբեմն նույնիսկ կործանարար: Ահա, թե ինչու անհրաժեշտ է տիրապետել ժամանակակից կյանքի բոլոր ոլորտները ներթափանցած համացանցից օգտվելու կանոններին ու կիրառել դրանք:
 
Երեխաները պարզաբանեցին հայտնի, սովորած կանոնները, ինչպես նաև առարջակեցին նոր՝ իրենց մտածած նորմերի կիրառումը: Նրանք նշեցին, որ անհնար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքն առանց համացանցի, որ յուրաքանչյուր ոք ունի  համացանցից օգտվելու, առօրյայում ու աշխատանքում այն կիրառելու իրավունք՝ դրանով իսկ ապահովելով կյանքի ու գործունեության թույլատրելի մակարդակ:
 
Դասն անցավ խմբային աշխատանքների հաջորդական ներկայացմամբ: Ներկայացվեց համացանցի դերը նաև կրթության ոլորտում, կարևորվեց ծնող-դպրոց-ուսուցիչ կապի ու համագործակցության գործում համացանցի դերը: Ինչպես նաև օգտագործվեց «Ինֆորմատիկա» առարկայի  կապն այլ առարկաների հետ: Դասի ընթացքում աշակերտները կիրառեցին և գործնականորեն ցույց տվեցին իրենց ստացած տեսական գիտելիքները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.