News

Հաղթարշավ

Educational 2014-11-28

Սևան քաղաքի տոնին նվիրված «Իմ սիրո քաղաքը» խորագիրը կրող միամսյակը շարունակվում է: «Իմ սիրո քաղաքը» խորագիրը կրող միջոցառումների մեջ ընդգրկված էր նաև «Ուրախների և հնարամիտների» ակումբի խաղ-մրցույթը: Խաղն ընթանում էր քաղաքի դպրոցների միջև (թիվ 1, 3, 4 ավագ դպրոցներ):

Խաղ-մրցույթին լրջորեն և ամենայն պատասխանատվությամբ էր պատրաստվել Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հավաքական թիմը, որը կազմվել էր 4-8-րդ դասարանների աշակերտներից (ղեկավար Հ. Գրիգորյան): Թիմում ընդգրկված էին շնորհաշատ աշակերտներ: Խաղը տեղի ունեցավ քաղաքային մշակույթի պալատում:

Հանձնաժողովի կազմում էին ՀՀ դպրոցականների լիգայի ղեկավարը, տարբեր հեռուստաընկերությունների պրոդյուսերները, Սևանի ԿՄՍ բաժնի գլխավոր մասնագետը, Սևանի մշակույթի պալատի գործադիր տնօրենը և այլք:
Խաղի թեման Սևանն էր և սևանյան հումորային իրավիճակները: Խաղի բոլոր բաժիններում էլ «Նոր սերունդ» թիմն աչքի ընկավ իր պատասխանատվությամբ և հնարամտությամբ:
 
«Ողջույն» բաժնում թիմը «բարի» հումորով զուգահեռներ  էր անցկացնում «հին» ու «նոր» սերնդի աշակերտների չարաճճիությունների միջև: Համարը հագեցած էր հումորային երգերով և պարերով: Աշակերտներն աչքի էին ընկնում գեղեցիկ կատարումներով: Իսկ երաժշտական համարը, որն ուներ «Սևանը 100 տարի անց» խորագիրը, աչքի էր ընկնում հետաքրքիր մտահղացմամբ և բեմական հագուստներով:
 
Դահլիճում իշխում էր ոգևորությունը և ուրախ տրամադրությունը: «Նոր սերունդ» թիմը փայլեց ոչ միայն «ողջույնի» երաժշտական համարներում, այլև «ռազմինկա» բաժնում ցուցադրեց մտքի ճկունություն և արագ կողմնորոշվելու կարողություն:
 
Այս ամենը գնահատեց հանձնաժողովը և Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի «Նոր սերունդ» թիմն արժանացավ առաջին մրցանակի և հնարավորություն ստացավ մասնակցելու հունվար ամսին Ծաղկաձորում անցկացվելիք դպրոցականների առաջնությանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.