News

Հայաստանը՝ «Gaudeamus»-ի մասնակից երկիր

Featured 2014-11-25

«Gaudeamus» գրքի միջազգային սալոնին, որն անց է կացվել Բուխարեստում, իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանը` որպես Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր՝ առանձին բաժնով ներկայացնելով ֆրանսերենով լույս տեսած մի քանի տասնյակ հրատարակություններ:
Բուխարեստի գրքի միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը կայացել է նոյեմբերի 19-ին ֆրանկոֆոն երկրների դեսպանների և ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Հայաստանի բաժնում ներկայացված են եղել ժամանակակից Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հնամենի քաղաքակրթության և մշակույթի վերաբերյալ Հայաստանում, Ֆրանսիայում և Կանադայում ֆրանսերենով հրատարակված ուսումնասիրություններ, գեղարվեստական գրականություն, հայ նշանավոր նկարիչների ալբոմներ, մեծ ցուցահանդեսների կատալոգներ, պարբերականներ, հայ հեղինակների ֆրանսերեն թարգմանություններ և ֆրանսագիր հայ գրողների գործեր:
 
Միջոցառումների շարքում անց են կացվել կլոր սեղաններ, բանախոսություններ, ռադիոզրույցներ և հանդիպումներ տարբեր երկրների ֆրանսագիր գրողների հետ: Նոյեմբերի 20-ին ռումինացի գրականագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Զամֆիրը ներկայացրել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի ֆրանսերեն թարգմանությունը:
 
“Meteor Press” հրատարակչությունը ներկայացրել է Լևոն Հարությունյանի «Սիբիր. Տարած-ետ բերած» հուշերի գիրքն ու իսպանացի գրող Մարիա Անխելս Անգլադայի «Արամի գրառումները» վիպակը:
 
Գրքերի ներկայացման ժամանակ հայ ժողովրդի պատմության ու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ելույթներով հանդես են եկել Ռումինիայի նախկին արտաքին գործերի նախարար, պատմաբան Ադրիան Չորոյանուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը:
 
Աղբյուրը՝ www.mfa.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.