News

«Անառակ որդու վերադարձը»

Educational 2014-11-20

2014 թ.-ի նոյեմբեր ամսին մեկնարկեց «Ավետարանական առակները հայ դպրոցում» ծրագիրը: Նշված ծրագրին մեծ ոգևորությամբ պատրաստվեց և իր մասնակցության հայտն ուղարկեց նաև Կոտայքի մարզի քաղաք Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը: Դպրոցն ավետարանական առակներից ընտրել էր «Անառակ որդու վերադարձը»`ներկայացնելով բեմականացման տեսքով:

Ներկայացման աշխատանքները տանում էին դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Գ. Նիգոյանը և տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Լ. Սանթրոսյանը: Միջոցառմանը  մասնակցում էին 4-8-րդ դասարանների 20 աշակերտ: Ներկայացումը բաղկացած էր 10 տեսարաններից ՝ յուրաքանչյուրն իր իմաստի խորությամբ  և մեծ գաղափարով:

Մտածված և վերլուծված էր ամեն տեսարան, ամեն մի խոսք ու ամեն մի խաղ, որն ավելի մատչելի էր դարձնում առակի ընկալումն ամենափոքրերի համար: Աշակերտները ներկայացրին անչափ հուզիչ խաղ, ապշեցուցիչ տեսարաններ, խորիմաստ խոսքեր:
 
Բեմադրության հաջողությանն անշուշտ օժանդակում էին նաև ամենայն նրբանկատությամբ ընտրված երաժշտությունը, բեմի անկյունում մեկընդմեջ ընթացող տեսաֆիլմն ու բեմի անկրկնելի ձևավորումը, որում ամեն մի իր ուներ իր նշանակությունն ու դերը` առակի իմաստին, Հիսուս Քրիստոսի կյանքին և Սուրբ Երրորդությանն առնչվող:
 
Ներկայացման վերջին տեսարանը, որտեղ որդին մեղանչում է, ապա զղջումով ու ապաշխարհումով վերադառնում է հոր մոտ, հանդիսատեսին, որի կազմում էին դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները, ծնողներն ու մրցույթի քննիչ հանձնախումբը, անչափ հուզեց:
 
Բոլորը ծափահարեցին հոտնկայս, հնչեցին բազմաթիվ գովեստի ու շնորհավորանքի խոսքեր թե՛ անկրկնելի մեկնաբանության, թե՛բեմադրության և թե՛ աշակերտների գեղեցիկ խաղի համար: Բոլորը տպավորված էին, շատերի աչքերում անթաքույց հուզմունք կար:
 
Մրցույթի գնահատող հանձնախմբի անդամներն էլ իրենց գովեստի խոսքերն ուղղեցին դպրոցին անչափ հետաքրքիր բեմականացման համար` ընդգծելով, որ այսպիսի սեղմ ժամանակում այսօրինակ բեմականացում չէին կարող անգամ ակնկալել:
 
Եզրափակելով վերոնշյալը` պետք է փաստել, որ բեմականացումն անխոս հաջողված էր. դրա մասին վկայում էին բազում հուզառատ աչքեր և ժպտացող հայացքներ: Մրցույթի ներկայացուցիչները հեռացան խորապես տպավորված, իսկ մասնակիցներն անկեղծ սպասումով և  անկոտրում կամքով պատրաստ են նաև մրցույթի հաջորդ փուլերին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.