News

«Մեկ դար և ավելի...»

Featured 2014-11-19

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Մեկ դար և ավելի...» Համահայկական մանկապատանեկան նկարչական հինգերորդ մրցույթ-փառատոնի շրջանակներում կազմակերպվող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը:
Վերոնշյալ մրցույթ-փառատոնը, որը 2010 թվականից համատեղ կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գեղագիտության ազգային կենտրոնը, նպատակ ունի նպաստել Հայաստանում և  Սփյուռքում մանկական ստեղծագործական  մտքի զարգացմանը և առավել շնորհալի մանուկների հայտնաբերմանը:
 
Այս տարվա միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Մասնակիցներից ակնկալվում էր գեղարվեստականորեն իմաստավորել անցած մեկ դարի ուղին և պատկերել իրենց սպասումներն ապագայից: 
 
Հաշվի առնելով թեմայի կարևորությունը՝ ի տարբերություն նախորդ չորս միջոցառումների՝ մասնակիցներից ակնկալվել են միայն նախագծային աշխատանքներ, որոնք նպաստում են մեկ կոլեկտիվում միասնական, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:
 
2014թ. մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-18 տարեկան 1000 ավելի երեխա Հայաստանի 97, Արցախի 5 և Սփյուռքի 13 երկրների (Ռուսաստան, Աբխազիա, Ուկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրաք, Իրան, Լիբանան) 36 դպրոցներից: 
 
Ներկայացվել են նկարներ, գոբելեններ, քանդակներ, և այլ օբյեկտներ:
Մրցույթի I փուլի արդյունքում ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոնցների շուրջ 250 նկարներ (առանձին նկարներ, նկարներ-նախագծեր, նկարների շարքեր, նկար-օբյեկտներ), 9 գոբելեններ, 4 քանդակներ և 8 օբյեկտներ:
 
Դեկտեմբերին նախատեսվում է մրցույթի II փուլը, որի արդյունքում կհայտարարվեն վերջնական հաղթողները: Լույս կտեսնի նաև ցուցահանդեսի աշխատանքների կատալոգ:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.