News

Հայագիտության ինստիտուտ ռումինական համալսարանում

Educational 2014-11-12

Բաբեշ-Բոյայ համալսարանում (Ռումինիա) ստեղծվել է Հայագիտության ինստիտուտ, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ԵՊՀ պատվիրակությունը: Այն առաջինն է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում և կյանքի է կոչվել ինստիտուտի ղեկավար, նույն համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ուսումնասիրությունների դոկտորական դպրոցի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչի և Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ռումինիայի հայոց միության աջակցությամբ:

Հայագիտության ինստիտուտի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Բաբեշ-Բոյայ համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը և ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը և այլք:

«Հայագիտության ինստիտուտի հիմնադրումը ոչ միայն կարևոր քայլ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում, այլև չափազանց հրատապ` հաշվի առնելով գալիք տարի հիշատակվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյակը, իրադարձություն, որը խորը ազդեցություն է ունեցել ողջ աշխարհի հայության վրա»,- բացման արարողության ժամանակ նշել է Լուչիան Նաստասե-Կովաչը:
 
Բացման արարողությունից առաջ տեղի է ունեցել երկու համալսարանների ռեկտորների՝ Իոան-Աուրել Պոպի և Արամ Սիմոնյանի առանձնազրույցը: Նրանք պայմանավորվել են համագործակցության պայմանագրեր կնքել Կլուժի համալսարանի և ԵՊՀ-ի, ինչպես նաև Հայագիտության ինստիտուտների միջև:
 
Դեսպան Համլետ Գասպարյանը հույս է հայտնել, որ Բալկաններում և հարակից երկրներում հայոց հնամենի ներկայության մասին գիտական հետաքրքրությունը բարձրացնելուց զատ, ինստիտուտը կնպաստի նաև այսօրվա եվրոպական տարածքում մշակութային բազմազանության մեջ հայկական տարրի բացահայտմանը:
 
Հայագիտության ինստիտուտը, Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանից բացի, իր նստավայրը կունենա նաև Գեռլայում` նախկին Արմենոպոլիս քաղաքում: Մասնագետները վստահեցնում են, որ ռումինական Տրանսիլվանիան ժամանակին հայաշատ է եղել, և պահպանված մշակութային բավականին մեծ ժառանգությունն այսօր ուսումնասիրման կարիք ունի:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.