News

Ընթացքի մեջ է Մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթը

Featured 2014-11-10

Ս.թ. նոյեմբերի 7-ից մեկնարկել է Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթը, որն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին, կտևի մինչև դեկտեմբերի 14-ը:

Մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ:

Մեներգիչների հանրապետական մրցույթն անցկացվում է 1999 թվականից, 2008 թվականից՝ 3 տարին մեկ անգամ: Մրցույթն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման,  ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակը արժևորելու նպատակով:
 
Հանրապետությունում  անցկացված 5 մրցույթներին մասնակցել են 235 երիտասարդ երգիչ-երգչուհիներ: Մրցույթները նվիրվել են Արշավիր Կարապետյանի (1999 թ.), Թամարա Շահնազարյանի (2004 թ.), Տաթևիկ Սազանդարյանի (2006 թ.), Պավել Լիսիցիանի (2011 թ.), իսկ 2008 թ. և այս տարվա մրցույթները՝ Գոհար Գասպարյանի հոբելյաններին:
 
Մրցույթների դափնեկիրները համալրել են ոչ միայն ազգային օպերային թատրոնի, այլև արտերկրի առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը և այսօր շատերը համարվում են հեղինակավոր թատրոնների առաջատար մենակատարներ:
 
Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված Մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 53 երգիչ-երգչուհի՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.