News

«Աշնան գույներ»

Educational 2014-11-07

Նոյեմբերի 5-ին Վաղարշապատի Ռ․Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի 3-րդի «գ» դասարանում տեղի ունեցավ «Աշնան գույներ» խորագրով բաց դաս, որի ողջ ընթացքն ուղեկցվում էր ՏՀՏ-ի օգտագործմամբ։ Դասը կազմակերպել էր ուսուցչուհի Աննա Գյարաքյանը։

Դասարանը զարդարված էր աշնան ոսկեգույն տերևներով և մրգերով լի զամբյուղներով։ Աշունը ներկայացվեց իր ողջ գունային ներկապնակով և տրամադրություններով։ Երեխաները բաժանվել էին խմբերի:

Յուրաքանչյուր խմբին հանձնարարվել էր համացանցում ինքնուրույն որոնել և գտնել նյութեր աշնան, մրգերի, չվող թռչունների և աշնանը կատարվող եղանակային փոփոխությունների մասին:
 
Երեխաները պատկերավոր կերպով ներկայացրեցին պատմություններ, որոնց զուգահեռ էկրանին պատկերվում էր համապատասխան տեսանյութը՝ անձրև, տերևաթափ, մրգատու այգիներ, մեղմ քամի և այլն:
 
Ըստ նրանց՝ Արարատյան դաշտը նման է մի եռանկյուն սկուտեղի, որը լցված է հողի բարիքներով։ Եվ պատահական չէ, որ Արարատյան դաշտը Հայաստանի շտեմարան են անվանում:
 
Մեծ ոգևորությամբ երեխաները ներկայացրեցին ժողովրդական ասացվածքներ և դարձվածքներ։ Միրգը ներկայացվեց որպես խորհրդանիշ։ Հետաքրքիր առասպելներ հյուսվեցին խնձորի, նռան, խաղողի և դեղձի մասին։ Աշնան թեման լրացվեց մանկական «Կաթ-կաթ» երգի ունկնդրմամբ:
 
Երեխաների պատկերացումները բազմազան էին, երևակայություններն՝ անսահման։ Որքա՜ն գեղեցիկ է մայր բնությունն իր հիասքանչ պատկերներով, որոնք աշնանը դառնում են կախարդական։ 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.