News

«Նախամասնագիտական կողմնորոշումներ» խորագրով ծրագրի մեկնարկը Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում

Educational 2014-11-06

Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված «Նախամասնագիտական կողմնորոշումներ ավագ դպրոցի աշակերտների համար» նախաձեռնության շրջանակներում մեկնարկել են դպրոցի ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպվող այցելությունները դեպի նախընտրած մասնագիտություններին համապատասխանող կազմակերպություններ և հաստատություններ:

Ծրագրի մեկնարկը տրվել է դպրոցի հումանիտար հոսքի սաների` «Հրազդան» հեռուստաընկերություն այցելությամբ: Հեռուստաընկերության ղեկավարության հետ հանդիպումից հետո դպրոցի աշակերտները եղել են ստուդիայի տաղավարներում և աշխատասենյակներում, ծանոթացել հեռուստահաղորդումների պատրաստման փուլերին, զրուցել լրագրողների և օպերատորների հետ:

 
Այնուհետև դպրոցի աշակերտների համար անցկացվել է գործնական պարապմունք, կազմակերպվել է վարպետաց դաս, որին մասնակցել են ապագայում լրագրողի մասնագիտությունն ընտրելու ցանկություն ունեցող աշակերտները:
 
Գործնական պարապմունքներից և վարպետաց դասից հետո աշակերտները տեղում իրացրել են ձեռք բերած գիտելիքներն ու հեռուստաընկերության աշխատակիցների հետ միասին պատրաստել իրենց իսկ այցելության վերաբերյալ լրատվական տեսանյութ:
 
Նախամասնագիտական կողմնորոշումներին միտված ծրագրի հաջորդ կանգառը հոսքային գծերի և մամլիչների արտադրությամբ զբաղվող հաստոցաշինական գործարանն էր: Այցին մասնակցել են դպրոցի ավագ դասարանների՝ իրենց ապագա մասնագիտությունն արտադրական բնագավառում տեսնող աշակերտները:
 
Հաստոցաշինական գործարանի պատասխանատուները Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներին ծանոթացրել են արտադրական գործընթացի հիմնական ուղղություններին, ինչպես նաև տեղեկություններ տրամադրել հոսքային գծերի և մամլիչների նախագծման ու պատրաստման փուլերի առանձնահատկությունների վերաբերյալ:
 
Այնուհետև դպրոցի աշակերտները մասնակցել են արտադրական պրակտիկ գործընթացին, զրուցել գործարանի տարբեր աշխատակիցների և բանվորների հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին և ուղղել իրենց հետաքրքրող տարաբնույթ հարցեր:
 
Ըստ Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրինության տեղեկացման՝ «Նախամասնագիտական կողմնորոշումներ ավագ դպրոցի աշակերտների համար» նախաձեռնությունը շարունակվելու է և իրականացվելու է ուսումնական տարվա կտրվածքով: Նշված ծրագիրը համադրվելու է մեկ այլ՝ «Գիտության ասպարեզում իմ առաջին քայլերը» խորագրով տեսական ծրագրի հետ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.