News

Կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը

Educational 2014-11-06

Ըստ ՀՀ կրթության և գիտության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ կրթության ոլորտում իրականացրած մի շարք ծրագրերի կապակցությամբ:
Անդրադառնալով ՀՊՃՀ-ում վերոնշյալ գործակալության աջակցությամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի և  ուսանողների ներգրավման ու աջակցության խնդիրը: Երկրորդ հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը և զարգացմանը, մասնավորապես՝ Հայաստանի ազգային ագրարային ակադեմիայի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի գործունեությանը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի պետական համալսարանում Ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին: Ըստ նախարարի՝ ԵՊՀ-ում արդեն գործում է Եվրոպագիտության կենտրոն, շուտով իր աշխատանքները կսկսի նաև ռուսաց լեզվի կենտրոնը: Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև անգլերենի կուրսերի անցկացման, դպրոցներում անգլերենի արտադպրոցական խմբակների ստեղծման անհրաժեշտությանը` ընդգծելով, որ նախարարությունը կարևորում է օտար լեզուների ուսուցումը հանրակրթական դպրոցներում: 
 
Դեսպան Հեֆերնն անդրադարձել է Հայաստանում Ամերիկյան համալսարանում իրականացվող բակալավրիական կրթության և կրկնակի դիպլոմների տրամադրման խնդրին` նշելով, որ վերջերս տեղի ունեցած բաց դռների օրվան մասնակցել է շուրջ 600 երիտասարդ: Դեսպանը խոսել է նաև ՀՀ-ում միջազգային դպրոցների  և Ամերիկյան կենտրոնի գործունեությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առցանց կուրսերի և լրագրողական կրթության խնդիրներին:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.