News

Հերթական միջոցառումը Սարալանջի հիմնական դպրոցում

Educational 2014-11-05

ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցում անցկացվեց հերթական միջոցառումը, որը պիտի խորհրդանշեր Թարգմանչաց և Ուսուցչի տոները: Հաղորդավարները համառոտ ներկայացրեցին տոների նախապատմությունն ու խորհուրդները: Աշակերտների շնորհավորական խոսքերը միաձուլվում էին տոնական տրամադրությանը՝ նոր շունչ հաղորդելով ցերեկույթին:
Դահլիճի ձևավորումն անգամ խոսում էր մեծ սիրո և հարգանքի մասին, որը վայելում են դպրոցի մանկավարժական անձնակազմը: Կարմիրի և դեղինի նուրբ համադրությունը, զարդարանքների առկայությունը լրացնում և տոնական շունչ էին հաղորդում միջոցառմանը: Աշակերտների ասմունքը, սրտառուչ երգերն ու աշխույժ պարերն ուղեկցվում էին հանդիսատեսի բուռն ծափերով:
 
Աշակերտները ևս մեկ անգամ կարևորեցին մանկավարժի և հայ թարգմանիչների դերը ինչպես մարդկության, անպես էլ հայ ազգի  պատմության մեջ: Թիկնոցավոր աշակերտը, ով իր կերպարում խտացնում էր մանկավարժի կերպարը՝ հանձին մեծ մանկավարժ, թարգմանիչ, հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, երդվեց հավատարիմ մնալ իր կոչմանը, իսկ աշակերտները շտապեցին խոնարհվել ու դրանով արտահայտել իրենց հարգանքն ու երախտագիտությունը:
 
Միջոցառումն ամբողջացավ դպրոցի սան Դավիթի հնչեցրած դհոլի անզուգական հնչյուններով, որոնք տարածվեցին դահլիճում ու ևս մեկ անգամ վկայեցին, որ մենք հայ ենք, մեր լեզուն հայերենն է, մեր մանկավարժներն էլ հայեցի դաստիարակության կրողներն են ու  ռահվիրաները: Փերիների կախարդական պարի ներքո բաժանվեցին վարդեր, որոնք պիտի նոր բույր հաղորդեին այս երկու տոներին:
 
Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Թադևոս Բարսեղյանը, ով իր շնորհակալական խոսքն ուղղեց միջոցառման կազմակերպչին՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Մանուկյանին՝ մաղթելով, որ նման միջոցառումները դպրոցում շարունակական լինեն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.