News

Կբացվի հոբելյանական ցուցահանդես

Featured 2014-11-05

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որին կներկայացվի արվեստագետի տարիների ընթացքում ստեղծած աշխատանքները: Վերջինների զգալի մասը արվեստասեր հանրությանը ներկայացվում է առաջին անգամ, այդ թվում` վերջին տարիների գրաֆիկական թերթերը:
Ցուցահանդեսի կապակցությամբ հայերենով ու անգլերենով հրատարակվել է Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների պատկերագիրքը: Էդուարդ Հմայակի Իսաբեկյանը մեր ժամանակների վաստակաշատ արվեստագետներից է, ում բազմաժանր ստեղծագործական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի արդի հայ կերպարվեստում:
 
Հայաստանի ժողովրդական նկարիչ (1963թ.), Պետական մրցանակի դափնեկիր (1985թ.), պատվավոր այլ պարգևների ու տիտղոսների արժանացած արվեստագետի ստեղծագործական հետաքրքրությունները լայն ընդգրկում ունեն: Նա ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, դիմանկարներ, կատարել է գրքերի նկարազարդումներ:
Նկարչի նախասիրած ժանրերից է դիմանկարը, որով զբաղվել է ողջ կյանքում:
 
Է. Իսաբեկյանը կարևոր ներդրում ունի հայ արվեստում պատմանկարչության զարգացման գործում: Այս ժանրի նշանավոր կտավներից են «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը» (1955թ.), «Դավիթ բեկ», «Արտավազդ և Կլեոպատրա» (1966թ.), «Ավարայրի ճակատամարտը» (1983թ.) և «Պատասխան Հազկերտին»  (1947թ.), որոնք ուշագրավ են պատմական դարաշրջանի խոր զգացողության, հետաքրքիր կոմպոզիցիոն կառուցվածքի և արդիական հնչեղության տեսանկյունից:
 
Այս շարքի մեջ առանձնանում է հայ պատմանկարչության լավագույն ստեղծագործություններից մեկը` «Պատասխան Հազկերտին» մեծակտավ աշխատանքը, որում ընդհանրացվում են նկարչի՝ տարբեր ժամանակներում արծարծած գաղափարական ու գեղարվեստական խնդիրները:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.