News

ԵՊՀ-ում անց է կացվել միգրացիային առնչվող դասախոսություն

Educational 2014-11-05

ԵՊՀ-ում անց է կացվել «Միգրացիա. մարտահրավերներ, զարգացում, զարգացման առավելություններ» թեմայով դասախոսություն: Դասախոսության ընթացքում ներկայացվել են «Միգրացիայի զարգացման քաղաքականությունների, ծրագրերի ու նախագծերի գնահատումը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Այն իրականացվել է «Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանում ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակներում:
«Մենք աշխատանքն սկսել ենք Լոռվա մարզում, քանի որ Հայաստանի մասշտաբով գործազրկության և էմիգրացիայի մակարդակները ամենաբարձրերից են: Մենք միգրացիան դիտարկել ենք ոչ միայն որպես բացասական երևույթ. մյուս կողմից էլ այն կարող է զարգացում ապահովել, օրինակ՝ Սփյուռքի ռեսուրսները Հայաստանում ներդնելով կամ բազմաթիվ այլ ծրագրեր իրականացնելով»,- նշել է ծրագիրն իրականացնող կազմակերպություններից մեկի՝ Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե» (“CISP”) իտալական ՀԿ-ի ներկայացուցիչ Սերենա Ֆուսկոն:
 
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համար դասախոսություն է ներկայացրել նաև էկվադորցի փորձագետ, Էկվադորի Կառավարության նախկին անդամ, տնտեսագետ Խոսե Գալվեզը: Նա միգրացիայի խնդիրը ներկայացրել է իր երկրի օրինակով: Ըստ նրա՝ էկվադորցիների արտագաղթը լուրջ խնդիր էր վերջին 25-30 տարիների ընթացքում, ինչը պայմանավորված էր սոցիալ-տնտեսական իրավիճակով՝ նավթի գնի անկում, աղքատության մակարդակի բարձրացում, ազգային արժույթի արժեզրկում և այլն:
 
Հայ հետազոտողներն ուսումնասիրել են, թե Հայաստանը որքանով է գրավիչ Սփյուռքում ապրող մարդկանց համար ներդրումներ անելու տեսանկյունից, ինչը միգրացիայի կարգավորման հետ ուղիղ կապ ունի: Հետազոտողներն անցկացրել են հարցազրույցներ միգրանտների, Սփյուռքում բնակվող մարդկանց, հասարակական և միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստանում զբաղվում են միգրացիայի կառավարմամբ: Այդ ամենը ներկայացնելուց հետո սկսվեց քննարկումը, որին մասնակցեցին ոչ միայն հետազոտություններն իրականացրած մասնագետները, այլև ուսանողները:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.