News

Կայացել է մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը

Educational 2014-11-03

«Երկրապահ կամավորականների միությունում» տեղի է ունեցել «Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:
 
Նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ձենարկի ստեղծումը, նշել է, որ երիտասարդ սերնդի ռազմահայրնեասիրական դաստարակությունը պետք է սկսվի դպրոցներից. «Հատկապես մեր նորագույն պատմության մեջ շատ կարևոր է պատշաճ կերպով փոխանցել Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման պատմությունը մեր մատաղ սերնդին:
 
Ռազմական դոկտրինայի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է, քանզի եթե մեկ ընդհանուր գաղափարի ներքո չեն համախմբված բոլորը, մանավանդ երիտասարդները, ապա այն պատշաճ մակարդակով չի կարող իրականացվել… 
 
Համոզված եմ, որ այս ձեռնարկը ներդնելով մեր կրթական համակարգում` ավելի լուրջ հաջողությունների կհասնենք, առավել համակարգված կիրականացնենք ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթօջախներում»,-նշել է Ս. Օհանյանը:
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով ժամանակակից կրթությունը շատ արագ է զարգանում: «Կրթությունը միայն ուսումնական գործընթացը չէ. նրա բաղկացուցիչ, իսկ մեր ազգի համար նրա ճակատագրական մաս է կազմում դաստիարակությունը: Անարժեք կիրթ մարդը նույնքան վտանգավոր է պետության համար, որքան այլ բացասական հատկանիշներով օժտված անձը: 
 
Դաստիարակության նպատակներից մեկը քաղաքացի ձևավորելն է, իսկ հայ քաղաքացին նա է, ով առաջին հերթին հայ է, հետո` նոր քաղաքացի: Ժամանակակից հայ կերտելու համար հայ լինելն ավելի կարևոր է, քան ժամանակակից: Մեր դպրոցը լինելու է ազգային»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ռազմահայրենասիրական խնդիրները կրթական համակարգում արդիականացման, վերանայման և առավել համակարգված գործունեության կարիք ունեն:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.