News

Անցկացվել է “Занимательный русский язык” խորագրով դաս-մրցույթ

Educational 2014-10-28

Օրերս Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 4 «ա» դասարանում անցկացվեց “Занимательный русский язык” խորագրով դաս-մրցույթ, որը նախաձեռնվել էր ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի օրերի շրջանակներում: Դասի նպատակն էր ընդլայնել աշակերտների մտահորիզոնը, ուսումնական գործունեությունը, զարգացնել ռուսաց լեզվով հաղորդակցվելու ունակությունները, ակտիվացնել հետաքրքրությունը և սերը ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի նկատմամբ:
Դասարանը ձևավորված էր Ռուսաստանի Դաշնության դրոշով, ՌԴ խորհրդանշաններով՝ մատրյոշկա, ինքնաեռ, կեչի ծառ, ցուցադրվում էր ռուսաց լեզվին նվիրված վահանակ:
    
Աշակերտները բաժանվել էին չորս խմբի, և յուրաքանչյուր խումբ ուներ իր գույնը (կարմիր, վարդագույն, կապույտ, նարնջագույն) և նշանը (նույն գույներով սրտիկներ և խնձոր):
 
Դասն սկսվեց ռուսաց լեզվի մասին հանելուկի գուշակումով: Աշակերտներն արտասանեցին ռուսաց լեզվի մասին բանաստեղծություններ և ասացվածքներ: Մրցութային առաջին հանձնարարությունը հետևյալն էր՝ քարտերի վրա տրված վանկերը միացնել և կազմել բառեր:
 
Երկրորդ հանձնարարությունը կենդանիների և բնության մասին հնչած հանելուկների գուշակումն էր, երրորդը՝ նկարների վրա տարբերությունները գտնելը և ներկայացնելը, չորրորդը՝ վիկտորինան: 
 
Յուրաքանչյուր խմբին տրվեց հնգական հարց կենդանական և բուսական աշխարհի, հեքիաթների, տարբեր առարկաների և ռուսաց լեզվի մասին: Հաջորդ առաջադրանքը  ռեբուսների լուծումն էր, որը երեխաները կատարեցին արագ, իսկ վերջում լուծեցին փոքր խաչբառը:
 
Յուրաքանչյուր առաջադրանք ավարտելուց հետո աշակերտները կատարում էին ռուսական երգեր, այսպես՝ Հայթյան Անուշիկը կատարեց “Облака” երգը, Մազմանյան Վարդուհին, Չանդոյան Ալբերտը և Ավետիյան Սիմոնը կատարեցին “Бременские музыканты” երգը, Մոսիկյան Նունեն՝ ”Смуглянка” երգը, Չանդոյան Ալբերտը՝ “Песенка Мамонтенка” երգը: 
 
Դասն անցավ հետաքրքիր և ուրախ մթնոլորտում: Այն հագեցած էր գեղեցիկ ելույթներով և նպաստեց ռուսաց լեզվի զարգացմանը, ռուսական մշակույթի նկատմամբ հետաքրքրության արթնացմանն ու նորանոր գիտելքիների ձեռքբերման ընթացքի ակտիվացմանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.