News

ԵՊՀ-ն ընդունեց Ջանֆրանկո Ռավազիին

Educational 2014-10-28

Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին հանդիպում է ունեցել համալսարանականների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» գրքի հայերեն և ռուսերեն թարգմանական տարբերակները:
«Ավելորդ է խոսել այս աշխատության կարևորության մասին: Հայոց առաջին քահանայապետ Գրիգոր Լուսավորչին նվիրված գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները նախատեսված են հենց հայ ընթերցողի համար: Պետք է նշել նաև՝ այս գործն ապացուցում է, որ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեական կրոնի պատմության մեջ անգնահատելի դեր է ունեցել ոչ միայն հայ ժողովրդի, այլև քրիստոնեական կրոնի համար»,- նկատել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ բոլորի անունից խորին շնորհակալություն հայտնելով Նորին վսեմափայլությանը:
 
Ջանֆրանկո Ռավազին նույնպես շնորհակալություն է հայտնել ԵՊՀ ղեկավարությանն իրեն հյուրընկալելու համար, այնուհետև խոսել հայ ժողովրդի հետ նախ իր անձնական կապերի, այնուհետև հայկական մշակույթի և մարդկության պատմության մեջ դրա դերակատարության և նշանակության մասին:
 
«Հայկական գրականությունն սկսվել է Աստվածաշնչի թարգմանությամբ, և ես երկար տարիներ եղել եմ աստվածաշնչյան գրականության և եբրայերենի դասախոս: Հենց այս կերպ էլ առաջին անգամ ծանոթացել եմ հայ գրականության արմատներին և թարգմանչական գործին»,- նշել է կարդինալ Ռավազին և հավելել, որ իրեն ապշեցրել և միաժամանակ հմայել է հայոց լեզվի ու գրականության հարստությունը:
 
Հանդիպման ավարտին Արամ Սիմոնյանը կարդինալին նվիրել է սովետահայ կերպարվեստի և Հայաստանի զբոսաշրջության վերաբերյալ գրքեր, ինչպես ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Սեդա Գասպարյանի «Հայոց ցեղասպանությունը. լեզվաճանաչողական մեկնակետ» աշխատությունը:
 
Ջանֆրանկո Ռավազին էլ ԵՊՀ ռեկտորին հանձնել է Միքելանջելոյի կերպարով հուշամեդալ և հույս հայտնել, որ այն կդառնա նաև ԵՊՀ-ի խորհրդանիշը:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.