News

Էկո-հյուրանոցներ

Featured 2013-03-20

Բնապահպանական հարցերը, էկոլոգիապես առավել մաքուր միջավայրի պահպանումը շարունակաբար գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ածխաթթու գազի արտանետումների կրճատում, էլեկտրաէներգիայի խելամիտ սպառման ուղղությամբ տարվող աշխատանքներ, էկոլոգիապես ավելի մաքուր ռեսուրսների, փոխադրման միջոցների ներմուծում, տանիքների վրա արևային մարտկոցների տեղադրում, էլեկտրաէներգիայի խնայողության խթանիչ միջոցառումներ. զարմանալի չէ, որ հանրությունը մտածում է, թե ինչպես տնտեսել, ստանալ էկոլոգիապես ավելի մաքուր պրոդուկտ, ստեղծել բնապահպանական չափորոշիչներին համապատասխանող և էկոլոգիապես ավելի մաքուր միջավայր:

Բնապահպանական նորմերի հետ զուգընթաց են փորձում քայլել նաև սպասարկման ոլորտները, օրինակ` հյուրանոցները: Ըստ միջազգային ուսումնասիրման աղբյուրների` էկոլոգիապես ամենամաքուր հյուրանոցների սանդղակը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ: 

Էկոլոգիապես ամենամաքուր առաջատար հյուրանոցների թվում է Fouquet Barriere 5-աստղանի հյուրանոցը Փարիզում: Հյուրանոցում ճաշատեսակների ընտրանին կազմված է բացառապես օրգանական արտադրանքից: Հյուրանոցում ապահովված է հարուստ բուսական աշխարհ, և մշտապես ներկայացված են «Մաքուր մոլորակ» ցուցահանդեսի նմուշները: 
 
Բնապահպանական հյուրանոցների թվին է դասվում նաև Hacienda & Ecolodge Morgan's Rock բունգալոների համալիրը Նիկարագուայում: Անտառի փեշին գտնվող այս համալիրում հյուրերին տեղավորում են ծղոտածածկ բունգալոներում անմիջապես օվկիանոսի ափին, պարբերաբար ուղեկցում են դեպի անթափանց ջունգլիներ և ծանոթացնում տեղանքին: Բունգալոները նաև ունեն անհատական լողափ: Ընդհանրապես ամբողջ համալիրը կառուցված է բնապահպանական նորմերին համապատասխան, հյուրանոցում մատուցվում են բնական հումքով պատրաստված ուտեստներ, համալիրի սեփականատերերը տարածքում տնկել են շուրջ 100.000 մրգային ծառատեսակներ, բույսեր: Համալիրի կառուցման համար որպես հումք են ծառայել հատուկ մշակված փայտատեսակներ: 
 
Առաջատար էկո-հյուրանոցների թվում է նաև Clayoquot Wilderness Resort համալիրը, որը գտնվում է Կանադայում: Հյուրանոցն անդամակցում է Բրիտանական Կոլումբիայի զբոսաշրջության` բնապահպանության գծով հանձնաժողովին և փորձում է հնարավորինս քիչ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի աղտոտման վրա` քարոզելով բնապահպանական տարբեր ծրագրեր: Հյուրանոցին կից գործում է հյուրանոցային թափոնների մշակման կետ: Գտնվելով անտառախիտ վայրում` հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է ծանոթանալ շրջակա տեղանքին զբոսանքի համար նախատեսված հատուկ վայրերով` փորձելով նման կերպ զերծ պահել աղտոտումից շրջակա միջավայրը: 
 
Կոլորադոյի Sonnenalp հյուրանոցի բնապահպանական քարոզումները նույնպես հայտնի են շատերին: Ընտանեկան բիզնեսի զարգացման արդյունքում ստեղծված այս հյուրանոցը պահպանում է աղբամշակման, ջրախնայողական համակարգի խիստ կանոնակարգ: Հյուրերին դիմավորում են էլեկտրաէներգիայի հիման վրա աշխատող փոխադրամիջոցներով, հյուրանոցում պահպանվում է ջրի խնայողական բարձր համակարգ: Ի դեպ, հյուրանոցի աշխատակազմը պարտադիր կարգով անցնում է բնապահպանական դասընթաց` նախքան աշխատանքի անցնելը: 
 
Մեկ այլ էկոլոգիապես բարենպաստ հյուրանոց Bardessono Yountville-ը գտնվում է Կալիֆորնիայում: Չնայած հյուրանոցի շքեղ արտաքին և ներքին հարդարման տեսքի` այն համարվում է լավագույն էկո-հյուրանոցներից մեկը: Հյուրանոցն ունի ստորգետնյա գեոթերմինալ տաքացման համակարգ, սենյակների սավանները պատրաստված են օրգանական հումքից, տանիքն ամբողջովին ծածկված է արևային մարտկոցներով, հյուրանոցում մատուցվում է օրգանական սնունդ, հյուրանոցի կաշվենման նմուշները պատրաստված են էկոլոգիապես մաքուր, արհեստականորեն մշակված հումքերից: Bardessono-ն արժանացել է բարձր գնահատականների մի շարք միջազգային բնապահպանական կազմակերպությունների կողմից:

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.