News

Ստորագրվել է համագործակցության ծրագիր

Featured 2014-10-20

Բորիս Սվետլովի գլխավորած Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակության այցի շրջանակներում, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար Բորիս Սվետլովը: Ծրագիրը բաղկացած է 12 հոդվածից և վերաբերում է մշակույթի, արվեստի բոլոր ոլորտներին:
 
Ծրագրի համաձայն՝ կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն թատերարվեստի, երաժշտարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, կերպարվեստի, ժամանակակից արվեստի բնագավառում համագործակցության զարգացման համար, կաջակցեն թատրոնների, երաժշտական, պարային խմբերի փոխադարձ հյուրախաղերի կազմակերպմանը, օպերայի և բալետի արտիստների ու թատերական ներկայացումների փոխանակմանը, երկու երկրներում անցկացվող միջազգային կինոփառատոներին:
 
Ըստ ծրագրի՝ կողմերը կխրախուսեն իրենց երկրների գրադարանների միջև ուղիղ կապերի հաստատումը, կնպաստեն Բելառուսի ազգային գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի մասնագետների միջև անմիջական համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը:
 
Միջոցներ կձեռնարկեն երկու երկրների թանգարանների հավաքածուներից ցուցահանդեսներ կազմակերպելու համար, կխրախուսեն և կնպաստեն Բելառուսի և Հայաստանի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսների փոխանակմանը:
 
Տեղեկատվություն կփոխանակեն պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման և պրոպագանդման ոլորտում:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.