News

Կայացել է հերթական խորհրդակցությունը

Educational 2014-10-17

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև պետական բուհերին մտահոգող խնդիրները, մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները:
Պետական բուհերի համար ընդհանրական խնդիրներն առնչվել են հիմնականում բուհերի գործունեության ոլորտում հավասար մրցակցային պայմանների ապահովմանը, ոլորտում պետական միասնական քաղաքականության մշակմանը, բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակի բարեփոխմանը, բնագիտական և ինժեներական կրթության զարգացման մասին համալիր պետական ծրագրի մշակմանը և մի շարք այլ հարցերի:
 
Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և խորհրդի անդամ մյուս ռեկտորները նախարարի զեկույցից հետո ներկայացրել են յուրաքանչյուրն իր ղեկավարած ուսումնական հաստատության առաջնահերթ խնդիրները, վերջին շրջանի ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:
 
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ ոլորտի խնդիրները հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահելու, պարբերաբար նման խորհրդակցություններ հրավիրելու և դրանց ընթացքում առկա խնդիրներին լուծումներ տալու համար:
 
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ԿԳ նախարարին և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին ամփոփել բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման ուղղված առաջարկությունները, քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ և զեկուցել արդյունքների մասին:
 
Նախագահը վստահեցրել է, որ բարձրացված բոլոր խնդիրները և դրանց հնարավոր լուծումները հանգամանորեն կքննարկվեն, ռեկտորների խորհուրդը ևս կտեղեկացվի արդյունքների մասին:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.