News

Միջոցառում` նվիրված Սուրբ Թարգմանչաց տոնին

Educational 2014-10-15

Արմավիրի մարզի Ակնալճի Ա. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում հոկտեմբերի տասին անցկացվեց միջոցառում` նվիրված Սուրբ Թարգմանիչ վարդապետներին: Միջոցառումը կազմակերպել էր Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Արմինե Խրլակյանը: Տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում էր հայ ժողովրդի բազմադարյան պատմության ողջ ընթացքը:
Հայ ժողովուրդն իմացության ու ճանաչողության մշտակա ծարավով  ու ձգտումով, առանձնակի սիրով է մեծարել հայոց գրերը ստեղծող և թարգմանչական գործի նվիրյալ զավակների` սուրբ Սահակ Հայրապետի և սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Կլայեցու ճշմարիտ հավատքի և առաքինի վարքի ապրումն ու գիտակցությունը:
 
Միջոցառման նպատակն էր արժևորել հայոց գրերի գյուտի և թարգմանիչ վարդապետների դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կրթամշակութային կյանքում և ազգապահպան գործում:
 
Միջոցառումն սկսվեց  «Տերունական աղոթքով»: Այդ օրը Ակնալճի միջնակարգ դպրոց հյուր էին եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Գյուլնազ Գրիգորյանը և Դավիթ  սարկավագը: Հյուրերն իրենց հետ դպրոց էին բերել Մայր Աթոռի օրհնությունը և աղոթագրքեր:
 
Միջոցառման ընթացքում աշակերտները սահուն կերպով ներկայացրեցին օրվա խորհուրդը, արտասանեցին բանաստեղծություններ, երգեցին շարականներ, հանդես եկան երկու պարային կատարմամբ:
 
Առաջինը նվիրված էր հայոց գրերի տեսիլքածին գյուտին, իսկ երկրորդը` հայ ժողովրդի գոյությանն ու հարատևմանը:
Միջոցառումը մերթընդմերթ համեմվում էր նշանավոր մարդկանց՝ հայոց լեզվի և հայ ժողովրդի ինքնությանն առնչվող խոսքերով:
 
Միջոցառումն ավարտվեց ջերմ ու տպավորիչ մթնոլորտում: Իր գովեստի խոսքն ասաց դպրոցի տնօրեն տիկին Ս. Թադևոսյանը, իսկ Գյուլնազ Գրիգորյանը և Դավիթ սարկավագը ուսուցչուհուն մաղթեցին բեղմնավոր աշխատանք, աշակերտներին` ուսման մեջ նորանոր հաջողություններ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.