News

Մեկնարկում է «Թատերական Լոռի» փառատոնը

Featured 2014-10-15

«Թատերական Լոռի» փառատոնը, որն այս տարի կանցկացվի ս.թ. հոկտեմբերի 15-26-ը, նվիրվում է ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի նահապետ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին։ «Թատերական Լոռին» այս տարի կանցկացվի ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում։ Փառատոնին Հայաստանից, Վրաստանից, Արցախից և Ռուսաստանի Դաշնությունից կմասնակցեն 25 թատերախմբեր:
Փառատոնի ընթացքում մի շարք հոբելյաններ կնշանավորվեն հատուկ ընտրված ներկայացումներով. Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145-ամյակին կներկայացվի «Կոմիտաս. եկել եմ» բեմականացումը:
 
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումով, այդ օրերին կգործի նաև Հ. Ղափլանյանի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսը:
 
Հանրաճանաչ դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված` «Մեր տան տերերը» կատակերգությամբ հանդես կգա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:
 
Պատանի հանդիսատեսի  թատրոնի 85-ամյա հոբելյանը կնշվի թատրոնի ուղին ներկայացնող թատերագիտական ելույթներով, այնուհետև Վիգեն Ստեփանյանի «Բրեմենյան երաժիշտներ» երաժշտական հեքիաթով:
 
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» ներկայացոումով /ըստ Լևոն-Զավեն Սյուրմելյանի համանուն վեպի/:
 
Հոկտեմբերի 26-ին Ստեփանավանում կբացվի Սոս Սարգսյանի արձանը (հեղինակ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ-քանդակագործ Դավիթ Մինասյան)։ 
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.