News

Ընթացքի մեջ է միջազգային համաժողովը

Educational 2014-10-10

Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության 13-րդ համաժողովը կշարունակվի մինչև ս.թ. հոկտեմբերի 11-ը: Համաժողովի մեկնարկը տրվել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի նորընտիր նախագահ Վիգեն Սարգսյանը համաժողովի մասնակիցներին է փոխանցել ՀՀ Նախագահի ուղերձը:
Ուղերձում նշված է. «Ջերմորեն ողջունում եմ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության հերթական՝ 13-րդ համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:
 
Շատ ուրախ եմ, որ այս տարի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ աշխարհի 20 երկրներ ներկայացնող և ավելի քան 400 հայագետների միավորող ընկերակցության ներկայացուցիչները հավաքվել են համայն հայության և հայագիտության մայրաքաղաք Երևանում:
 
Կարծում եմ՝ խորհրդանշական է, որ եվրոպական հայագիտության դեռևս 19-րդ դարից եկող փառավոր ավանդույթները շարունակող, աշխարհի նշանավոր համալսարանները ներկայացնող հետազոտողներին միավորող այս կառույցի առաջին հայաստանյան համաժողովը կազմակերպվում է հենց Մատենադարանի ջերմ ու հայաշունչ հարկի տակ:
 
Ընդամենը երեք տարի առաջ հանդիսավորապես իր դռները բացեց Մատենադարանի նորակառույց հոյակերտ մասնաշենքը, ապա նաև նորացված հին մասնաշենքը: Մատենադարանի համալիրն իր ընդարձակ տարածքով, տեխնիկական հագեցվածությամբ, գրեթե եռապատկված աշխատակազմով ու գիտական ներուժով ունի բոլոր հնարավորությունները կազմակերպելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային մակարդակի համաժողովներ: Նման հաջող մի ձեռնարկի ականատեսն ենք այսօր մենք բոլորս»:
 
Համաժողովի մասնակիցներին իր Հայրապետական օրհնության խոսքն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
 
Համաժողովը հատկապես կարևոր է այն առումով, որ Ընկերակցության գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում, որը նաև լավագույն առիթ է եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական-հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար:
 
Այն աննախադեպ է նաև հայագիտական նյութերի բազմազանությամբ և մասնակիցների ներկայացուցչական կազմով: Համաժողովի երեք օրերի ընթացքում տեղի է ունենալու 16 նիստ, ընթերցվելու է 70 զեկուցում, որից 50-ը ներկայացնելու են արտասահմանից ժամանած հայագետներ:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.