News

Ուխտագնացություն դեպի Տավուշի մարզի հոգևոր կենտրոններ

Educational 2014-10-09

Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրինությունը՝ հանձին ՄԿԱ գծով տեղական Լ. Սանթրոսյանի, հոկտեմբերի 5-ին կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Տավուշի մարզի հոգևոր կենտրոններ: Ուխտագնացության անդամների կազմում էին առաջինից հինգերորդ դասարանների դասվար-դասղեկները, նույն դասարանների ծնողխորհրդի անդամները, հրամանատար Գ. Զաքարյանն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բ. Ուդումյանը:
Ուխտագնացության հիմնական նպատակներն էին` ծնող-ուսուցիչ կապի ամրապնդումը, դպրոցի ծնողխորհրդի անդամներին միմյանց հետ ծանոթացնելը, նրանց մերձեցումը, նորանոր նախաձեռնությունների խրախուսումը, կանոնավոր և կազմակերպված աշխատանքների կյանքի կոչելը:
 
Նախաձեռնության իրացման ձև ընտրվեց ուխնագնացությունը, որպեսզի ամեն գործ սկսելուց առաջ ապավինենք հոգևոր արժեքներին, ամեն գործի մեջ ներդնենք հոգևորն ու Աստծո պատվիրանները: Ուխտագնացության առաջին սրբավայրը եղավ չքնաղ Սևանավանքը: Ուխտագնացներն իրենց աղոթքները հղեցին առ Աստված՝ ամենաբաղձալի ցանկությունների և նպատակների իրականացում խնդրելով Ամենազորից:
 
Մոմեր վառեցին՝ ի կատարումն իրենց խնդրանքների և շնորհակալություն Աստծո անգնահատելի պարգևների համար, ապա շարունակեցին ճանապարհը դեպի Տավուշի մարզ: Ուսուցիչների և ծնողների հաջորդ կանգառը եղավ Գոշավանքի՝ անկրկնելի ճարտարապետությամբ և պատմության ահասարսուռ տեսարանների միջով անցած սրբավայրը:
 
Գիտաշխատողը մանրամասն պատմեց եկեղեցու ստեղծման, թշնամիների դեմ մաքառման և վերակառուցման մասին, ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց եկեղեցու ամեն անկյունի, ամեն խաչքարի պատմությունը, որի ստեղծման գաղափարները ապշեցնում և հիացնում են յուրաքանչյուրին:
 
Պատմությանը ծանոթանալուց հետո ուխտավորներն իրենց աղոթքը հղեցին առ Աստված, ժողովրդական ավանդության համաձայն` անցան Մ. Գոշի տնկած ընկուզենու ճյուղերի արանքով՝ համոզված լինելով, որ դրանք կիրականանան:
Ուխտագնացության հաջորդ կանգառը Հաղարծնի եկեղեցին էր: Այստեղ եկեղեցու ապտմությանն ու անվանակոչմանը ծանոթացրեց Տեր Շավարշ քահանան: Նա ամենայն նրբանկատությամբ ուխտավորների համար վերծանեց նաև «ուխտ» հասկացությունն ու օրհնեց՝ Աստծուց առողջություն և հաջողություն, նպատակների և ծրագրերի իրականցում խնդրելով ուսուցիչների և ծնողների համար:
 
Տպավորված վերոնշյալ եկեղեցիների և վանքերի պատմություններով ու ճարտարապետական բարձր արժեքներով՝ ծնողները, չնայած եղանակի ստեղծած անհարմարություններին` պնդեցին, որ ուխտագնացությունն ավարտեն տարիներ ի վեր սարի լանջին ամուր կանգնած, բայց չգործող Ջուխտակ վանքերով, որի պատմությանն արդեն ծանոթացրել էր դպրոցի փոխտնօրեն Լ. Սանթրոսյանը:
 
Մոտ երեք կիլոմետր ոտքի ճանապարհը դժվարությամբ, բայց և մեծ սիրով ու ցանկությամբ հաղթահարելով, ուխտագնացները հասան Ջուխտակ վանքերին: Ուխտավորներն իրենց աղոթքներով ու շարական երգերի ղողանջով լցրին վանքերի թվացյալ դատարկությունը, մոմերի լույսով լուսավորեցին վանքերի պատերն ու Մարիամ Աստվածածնի պատկերը, խնկարկեցին անցավորների հոգիների հանգստության համար:
 
Միայն այսքանից հետո իրենց պարտքը Աստծո առաջ կատարած համարելով` ուխտավորները կրկնակի դժվարությամբ, միաժամանակ տպավորված ու բարձր տրամադրությամբ իջան բարձունքից: Դպրոցի կազմակերպած ուխտագնացության ամենամեծ նպատակները կարելի է համարել իրականացած, քանզի բոլորը մտերմացան, ընկերացան, ավելին` հնչեցին ծնողխորհրդի նորանոր գաղափարների և մտահղացումների մոտալուտ ծրագրեր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.