News

«Շնորհավո´ր տոնդ, Ուսուցի´չ»

Educational 2014-10-08

Տարվա տոնական օրերի շարքում թերևս մեծ տոն է Ուսուցչի օրը: Այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը, եռանդն ու ուժը ներդնում են սերունդների կրթության ու դաստիարակության կարևորագույն գործում, իսկապես արժանի են երախտիքի խոսքերի, մեծարանքի ու սիրո: Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված ուսուցիչների տոնին:

Աշակերտները, ծաղիկները ձեռքներին, անսպասելի մտան ուսուցչանոց, նվիրեցին ծաղիկներն ու շնորհավորեցին ուսուցիչներին: Նրանց խոսքերն անմիջական էին, սրտաբուխ, բարեմաղթանքներն՝ անկեղծ ու տեղին:

Նրանք  ուսուցիչներին մեծարեցին որպես ծնողների: Շնորհակալություն հայտնեցին բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն այդ կոչումն ու ստանձնել են այդ մեծագույն պարտականությունը: Մաղթեցին, որ նրանց կյանքի բոլոր օրերը տոնական լինեն, երբեվիցե չտխրեն ու չվշտանան նրանց սրտերը:

Շնորհավորական խոսքերը համեմվեցին բանաստեղծություններով և ուսուցիչներին նվիրված երգերով, որոնցում վերջիններս համեմատվում էին հրաշագործների ու բարի փերիների հետ, ովքեր իրենց կյանքով ու էությամբ լույս են դառնում սերունդների ուղին լուսավորելու համար, ովքեր թույլ չեն տալիս, որ որևէ  երեխա շեղվի ճիշտ ճանապարհից կամ սայթաքի:

Ուսուցիչները, իսկապես, լուսավոր ապագայի երաշխավորն են: Եվ զուր չէր, որ երեխաները խոստացան իրենց ողջ կյանքում ուսուցիչների հայացքն իրենց աչքերի ու խոսքերն իրենց սրտի մեջ կրել: Անակնկալն ստացվեց, աշակերտների ելույթներն ու խոսքերը հուզիչ էին:
 
Ուսուցիչները գոհ և գնահատված զգացին իրենց, այդ մի քանի րոպեները նրանց համար հաճելի ու տպավորիչ դարձան շնորհիվ իրենց սաների:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.