News

Հայտնի է Բոլոնիայի երևանյան գագաթաժողովի տարբերանշանը

Educational 2014-10-08

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման` հրապարակվել են 2015թ. Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի տարբերանշանի մրցույթի արդյունքները:
Շնորհավորելով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարբերանշանի մրցույթին մեծ է եղել երիտասարդ մասնագետների մասնակցությունը` հաշվի առնելով, որ Բոլոնիայի գործընթացը խորհրդանշում է երիտասարդների միասնությունն ու շարժունությունը. 
 
«Մրցույթում առաջադրված պայմանը հետևյալն էր` տարբերանշանը պետք է արտացոլեր եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր:
 
Մրցութային հանձնաժողովն արդեն առանձնացրել է լավագույն եռյակը, որոնցից առաջին տեղը գրաված տարբերակը ներկայացվելու է Եվրոպայում իբրև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի լոգո: Այն կներկայացվի նաև նոյեմբերին` Հռոմում կայանալիք Բոլոնիայի հետամուտ խմբի նիստի ժամանակ: 
 
Դրանից հետո Հայաստանի` իբրև Բոլոնիայի քարտուղարությունն ստանձնած երկրի բոլոր միջոցառումները մինչև 2015 թվականը՝ քարտուղարության ժամկետի ավարտը, կանցկացվեն այդ տարբերանշանի ներքո՝ միջազգային հարթակներում արտացոլելով Հայաստանն իբրև հյուրընկալող երկիր, Երևանը` իբրև եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք»,- նշել է Ա. Աշոտյանը:
 
Հաղթող է ճանաչվել Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Լուիզա Պետրոսյանի առաջարկած տարբերակը: Այստեղ իբրև Հայաստանի խորհրդանիշ ընտրված է նուռը, աստղի պատկերը վերցված է Բոլոնիայի տարբերանշանից, այս երկու խորհրդանիշի համաձուլմամբ ու համադրմամբ ստացվել է վերջնական տարբերանշանը, որի ներքո անցկացվելու է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի երևանյան նախարարական գագաթաժողովը:
 
Տարբերանշանի օգտագործման և տնօրինման իրավասությունը պատկանում է ՀՀ ԿԳՆ-ին: Այն կհրապարակվի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կօգտագործվի մայրաքաղաքում որպես արտաքին գովազդի պաստառ:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.