News

«Երկու ժամ Վարդապետի աշխարհում» համերգ-ցուցադրություն

Featured 2014-09-25

Կոմիտասի ծննդյան 145 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակն ընդլայնվում է` այս անգամ ներառելով ևս մեկ նախաձեռնություն` «Երկու ժամ Վարդապետի աշխարհում» համերգ-ցուցադրություն, որը կկայանա Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասյան սրահում ս.թ. սեպտեմբերի 26-ին` ժամը 14:00-ին:
«Կոմիտաս. Հայտնի և անհայտ» խորագիրը կրող ցուցադրության մեջ ներկայացված ավելի քան վեց տասնյակ նյութերի զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Կոմիտասի կյանքը և ստեղծագործությունները, թերևս, ամենից շատն են ուսումնասիրվել, ընթերցվել, լուսաբանվել, մեկնաբանվել և հրատարակվել, բայց այդ ամենով հանդերձ` Կոմիտասը` որպես երևույթ, շատ անհայտներ ունի իր մեջ:
 
Այս ցուցադրությամբ փորձ է արվել ուսումնասիրողներին առաջնորդել դեպի այդ անհայտների բացահայտումը: Ասվածի վառ օրինակ է Կոմիտասի ինքնակենսագրականների բոլորովին տարբեր երեք օրինակները` ֆրանսիացի կոմպոզիտորիների արած կոմիտասյան երկերի մշակումները, «Հայ քնար» միաձայն երգերի առաջին տասնյակի մակետը և այլն: 
 
Առաջին անգամ ցուցադրվում են մի շարք լուսանկարներ, որոնցից ուշադրության են արժանի հատկապես Պողոսյան վարժարանում Կոմիտասի լուսանկարը ուսուցիչների հետ (1911 թ.), Կոմիտասի ազգականների խմբանկարը (պատճեն), Կոմիտասի աշակերտներից երեքի՝ Բարսեղ Կանաչյանի, Վարդան Սարգսյանի և Միհրան Թումաճյանի ջանքերով կազմած 400 երգիչներից բաղկացած երգչախմբի լուսանկարը, որն արվել է 1919 թ. Պոլսի համերգից հետո:
 
Քիչ ցուցադրված մասունքներից է նաև Կոմիտասի բրոնզաձույլ մահադիմակը: Կոմիտասի նորովի բացահայտմանն են ուղղված լինելու թավջութակահար, ՀՀ ժողովրդկան արտիստուհի Մեդեա Աբրահամյանի և դիրիժոր, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի դասախոսությունները:
 
Միջոցառումը կշարունակվի Կոմիտասի անվան լարային քառյակի համերգով (ղեկ. Էդուարդ Թադևոսյան) և կոմիտասյան երգերի կատարումներով (Մարիամ Կանայանի մատուցմամբ): Կցուցադրվի նաև «Գութաներգ» խորագրով տեսաֆիլմը:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.