News

Հայաստանը ներկայացել է պատմական բացառիկ նմուշներով

Featured 2014-09-18

«Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսին, որը բացվել է ս.թ. սեպտեմբերի 15-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, մասնակցում է նաև Հայաստանի պատմության թանգարանը` ներկայացնելով ուրարտական արվեստի բացառիկ նմուշներ:
Այս ցուցահանդեսը մեծ նախագծի շարունակություն է, որի երկու փուլերը կայացել են  2003 թ. «Առաջին քաղաքների արվեստը. Ք.ա. III հազարամյակը Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան» և 2008 թ. «Բաբելոնից անդին. արվեստը, առևտուրը և դիվանագիտությունը Ք. ա. II հազարամյակում» խորագրերով:
 
Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է 2008 թվականին կայացած ցուցահանդեսին բրոնզեդարյան մշակույթի եզակի նմուշով: Ներկայիս ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Արևմուտքի գեղարվեստական ավանդույթների ակունքներն ու զարգացումը, որոնց արմատները սերում են Հին Մերձավոր Արևելքի և Միջերկրականի երկրների մշակույթների փոխազադեցություններից Ք. ա. I հազարամյակում:
 
Ցուցահանդեսում ներկայացված 300 նմուշները փոխառված են Արևմտյան Եվրոպայի, Կովկասի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների հայտնի թանգարաններից:
 
Ցուցահանդեսին մասնակցում են 14 երկրների թանգարաններ` Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Փարիզի Լուվրը, Բեռլինի պետական, Վատիկանի թանգարանները, Հայաստանի պատմության, Կահիրեի Հնությունների, Աթենքի Ազգային հնագիտական, Կիպրոսի ազգային, Հռոմի Էտրուսկների, Բեյրութի ազգային, Մետրոպոլիտենի արվեստի թանգարանները, ինչպես նաև թանգարաններ Իսպանիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից:
 
Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշներ, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ցուցադրության համար որպես արժեքավոր վկայություն` հավաստելով հայկական մշակույթի մշտակա դերը և նրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում:
 
Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, հայկական բազմադարյան մշակույթի և արվեստի արժևորման և հանրահռչակման բացառիկ պատեհություն է:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.