News

ԵՊՀ ամենամյա նախաձեռնությունը

Educational 2014-09-04

Նոր ուսումնական տարվա մեկնարկը հերթական միջոցառումով նշանավորվեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի համար:
«Խաղաղություն և Գիտելիքի օր Եռաբլուրում» խորագրով միջոցառումը «Վարդանանք» ակումբն իրականացնում է տարիներ շարունակ:
 
Իր ակումբականների, համախոհների և հյուրերի հետ շրջայց է կատարում Պանթեոնում և ծաղիկներ դնում համալսարանական զոհված ազատամարտիկ-ուսանողների շիրիմներին, քանի որ նրանց մեծ մասը հանգչում է հենց Եռաբլուրում:
 
«Վարդանանքը» անտարբեր չի անցնում նաև ՀՀ տարբեր բուհերի այն զոհված ուսանողների կողքով, ովքեր իրենց կյանքն են նվիրաբերել հանուն հայրենիքի:
 
«Վարդանանքը»-ի անդամներին միացել էին նաև գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը), ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Հայրիկ Մուրադյանի անվան «Վան» անսամբլի սաները (վերջիններս մշտապես մասնակցում են «Վարդանանքի» նախաձեռնություններին), Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանն ու ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ:
 
Առանձնահատուկ է նաև այն փաստը, որ «Վարդանանք» ակումբը hերոս ազատամարտիկներին չի մոռանում նաև ստեղծագործական հարթության վրա: Գաղտնիք չէ այն, որ Արցախյան պատերազմում զոհված ուսանողներից շատերն ունեին ստեղծագործելու հիանալի ձիրք:
 
Այս ամենն էլ հաշվի առնելով՝ միջոցառման ընթացքում տեղի ունեցավ լրագրող, հրապարակախոս Գնել Շահնազարյանի «Հայոց մայրեր» գրքի շնորհանդեսը, որն ամբողջությամբ նվիրված է Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների հերոս մայրերին:
 
Ակումբի անդամներն էլ մի քանի հայտնի ստեղծագործություններից հատվածներ ընթերցեցին այդ գրքից ու ներկայացրին հիշարժան դեպքեր:
 
Աղբյուրը` ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.