News

Ընդունող հանձնաժողովի հերթական նիստի արդյունքները

Educational 2014-07-15

Ըստ ԿԳՆ մամլո ծառայության` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ` տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացին առնչվող հարցեր:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը` ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014թ. ընդունելության արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 105-106-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2010թ. N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի ( 2 բժշկական և 4 մանկավարժական) մրցույթի անցկացում և հաստատում, ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստում, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփում և ըստ բուհերի ընդունելության ցուցակի նախապատրաստում, քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների (գրությունների) քննարկում և այլ ընթացիկ հարցեր:
 
Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թվականի ընդունելության արդյունքները, որի համաձայն` 290 դիմորդ դրական միավորներ են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել: 169 դիմորդ չի ներկայացրել ատեստատ: Հանձնաժողովը քննարկել է բուհերի ռեկտորների` հավելյալ տեղեր տրամադրելու դիմումները: Որոշ բուհերի դիմումները բավարարվել են` մասնավորապես լրացուցիչ 120 տեղ է տրամադրվել ԵՊԲՀ-ին, 53 տեղ` Տնտեսագիտական համալսարանին, ևս 20 տեղ` արվեստի բուհերին:
 
 Ագրարային ակադեմիան, նախորդ տարիների համեմատությամբ, այս տարի գրանցել է աննախադեպ թվով` մոտ 1000 ուսանող: Ընդ որում` 650 դիմորդ ընդունվել է ատեստատի գնահատականով: Նախարարը հանձնարարել է վերլուծել վերոնշյալ մեխանիզմի ներդրման արդյունավետությունը` հետագայում կիրառելու այն մասնագիտությունների գծով, որոնք լրացուցիչ խթանի կարիք ունեն: 
 
Անդրադառնալով արտոնություններից օգտվող դիմորդներին` Ռ. Սուքիասյանը նշել է, որ առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար հիմունքներով: Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաև Եվրոպայի և աշխարհի առաջնության 24, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 7 մրցանակակիրներ:
 
Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր: Դրական պատասխան է տրվել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` անվճար հիմունքներով սովորելու մասին դիմումներին:
Անդրադառնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ քաղաքացիներից ստացվել են բազմաթիվ դիմումներ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերել է այս կամ այն կարգից բացառություն անելու խնդրանքներին, օրինակ` հայտ փոխել, նոր մասնագիտություն հայտավորել: Նախարարի խոսքով` այդ բոլորը դիմումները բնականաբար մերժվել են, քանի որ հակասում են գործող օրենսդրությանը:
 
Ընդունելության շեմը հաղթահարած դիմորդների ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.